«Եղել են կարգավորման իրատեսական տարբերակներ, բանակցվել են, դրանց նկատմամբ վստահություն են հայտնել նաև արևմտյան միջնորդները»
Հանրային հեռուտաընկերությանը տված իր վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հերթական ծանր մեղադրանքները հնչեցրեց ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի՝ Հայաստանի վերաբերյալ կայացված որոշումների վերաբերյալ։ Իբրև թե փաստերի ներքո հնչեցին քողարկված ծանր մեղադրանքներ Ռուսաստանի վերջին տարիների հարավկովկասյան քաղաքականության հասցեին:
Եթե փորձենք պարզեցնել Փաշինյանի երկար-բարակ «փաստերը», ապա կարելի է ասել, որ դրանցում ըստ էության որևէ նորություն չկար, պարզապես Փաշինյանը փաթեթավորել էր հետպատերազմյան բոլոր այն մեղադրանքները, որոնք ՀՀ իշխանությունները և իշխանական տարբեր գործիչներ հնչեցրել էին, մասնավորապես, Արմեն Գրիգորյանը, որը հակառուսական հայտարարությունների առաջամարտիկն է։ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը մեղադրվում են ՀՀ անվտանգության երաշխավորի իրենց դերակատարությունը չստանձնելու, ԼՂ հակամարտության կարգավորման ռուսական առաջարկները չպաշտպանելու, Ադրբեջանի ռազմական սադրանքներին չարձագանքելու, ՀՀ տարածքային ամբողջականության հարցում կարմիր գծեր չունենալու մեջ։
Նիկոլ Փաշինյանն անուղղակիորեն, առանց ՌԴ-ին մատնանշելու՝ մեղադրեց ԼՂ հարցը Հայաստանի ու Ադրբեջանի գլխին որպես մահակ պահելու մեջ։ Նա մասնավորապես հայտարարեց, որ ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացում երբեք չի եղել մի տարբերակ, որն առաջարկի ԼՂ խնդրի լուծում։
«Բոլոր տարբերակները, որոնք եղել են սեղանի վրա, մադրիդյան սկզբունքներից ի վեր, ենթադրել են ԼՂ հարցի չլուծում: Միայն մի տարբերակ է եղել 1999-ին, որը ստորագրելու պարագայում կարելի էր ասել, որ ԼՂ հարցը լուծվել է. դա Մեղրիի և ԼՂ-ի փոխանակման տարբերակն էր: Այսինքն՝ Մեղրին հանձնվում է Ադրբեջանին, ԼՂ-ն միացվում է Հայաստանին: Մնացած ոչ մի տարբերակով ԼՂ հարցի լուծում չկար: Դա հատուկ էր արված, որ ԼՂ հարցը որպես մահակ հնարավոր լինի պահել Հայաստանի գլխին: Գուցե նաև Ադրբեջանի գլխին»,- ասաց նա, որպես միակ տարբերակ նկատի ունենալով ԱՄՆ Պետքարտուղարի նախկին հատուկ խորհրդական (1990-ական թթ.), ներկայումս՝ Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր Փոլ Գոբլի պլանը։
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան, կովկասագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ այդ հայտարարություններն առավելապես ուղղված են ներքին լսարանին։ Ըստ նրա, ՀՀ իշխանություններն ընդհանուր առմամբ պահպանում են իրենց հռետորաբանության հակառուսականությունը, որն ունի գլխավոր երկու պատճառ։
Առաջինը, վերլուծաբանի խոսքով, այն է, որ ՀՀ իշխանություններն ակնկալում են աննախադեպ աջակցություն և օգնություն Արևմուտքից, որն առանց նման հռետորաբանության և ՌԴ-ի հետ դաշնակցության պայմաններում՝ հնարավոր չէ։ Երկրորդը, Տարասովի խոսքով, ցանկությունն է Հայաստանի շուրջ տեղի ունեցած զարգացումների, մասնավորապես՝ պարտության և դրանից բխող բոլոր զարգացումների պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա։
Փորձագետը նշեց, որ Հայաստանից վերջին տարիներին հնչող տարատեսակ մեղադրանքները՝ ուղղված ոչ միայն Ռուսաստանին, նորություն չեն, պարզ է դարձել, որ պատերազմում պարտության, ԼՂ կորստի պատասխանատվությունը փորձ է արվում դնել այլ կողմերի վրա, փորձ է արվում ցույց տալ, թե չեն եղել այլ տարբերակներ, իրատեսական պրոյեկտներ։ «Ներկայումս շատ բարդ է դրանց մասին խոսել, սակայն եղել են կարգավորման իրատեսական տարբերակներ, դրանք բանակցվել են, դրանց նկատմամբ վստահություն են հայտնել նաև արևմտյան միջնորդները՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համանախագահները, անվստահություն չի եղել Մադրիդյան սկզբունքների և դրանից բխող այլ փաթեթների նկատմամբ։ Եթե կողմերը մերժել են դրանք՝ ամեն անգամ ինչ-որ պատճառաբանությամբ, դա չի նշանակում, որ դրանք չէին կարող ունենալ հաջողություն։ Ինչպե՞ս է որոշվում, թե պրոյեկտներից ո՞րն էր իրատեսական, իսկ ո՞րը՝ ոչ։
Այսինքն՝ միայն ամերիկյան առաջարկնե՞րն էին իրատեսական։ Այս հռետորաբանությունը նոր չէ, հասկանալի է, նախատեսված է ներքին լսարանի համար՝ ողջ պատասխանատվությունը դնելու Ռուսաստանի վրա»,- նման կարծիք հայտնեց Տարասովը։ Նրա խոսքով, ՌԴ-ն մշտապես ելել է գործընթացում իր շահերից, ու դա բնական է, սակայն ՌԴ-ն Հայաստանին ահռելի աջակցություն է ցուցաբերել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ այսօր ՀՀ-ն ահռելի օգուտներ է ստանում ԵԱՏՄ-ից։
«Ինչպես տեսնում եք, ՌԴ-ից առանձնապես մեծ դիմադրություն չկա, ՀՀ-ն կարող է փոխել իր վեկտորը, սակայն, կարծես, դա չի անում, շարունակում է անդադար քննադատել ու մեղադրանքներ հնչեցնել»,- նկատեց նա։
Տարասովը վստահեցնում է՝ Ռուսաստանում հասկանում են, որ այս ամենը հստակ ուղղորդվում է նաև Արևմուտքից, ուստի Արևմուտքի հետ գլոբալ պայքարը և դրա արդյունքը կորոշակիացնի շատ հարցեր։
Իր հերթին՝ ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ հայկական կողմը, ամենայն հավանականությամբ, արձագանքելով ՌԴ նախագահի այն հայտարարությանը, թե ՀՀ-ն է ճանաչել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում, փորձում է իր տեսանկյունից ուղղումներ մտցնել և արձագանքել ՌԴ-ից հնչող բարձրաստիճան մեկնաբանություններին։ Նրա որակմամբ՝ բացասականն այն է, որ վերջին տարիներին երկկողմ աշխատանքի ներքին խոհանոցը տեղափոխվել է հանրային տիրույթ։
«Սա ստիպում է նաև Ռուսաստանին շատ հարցերի պատասխանել ու արձագանքել հանրային ձևաչափով, ինչն էլ իր հերթին՝ բարդացնում է այս հարցերի ուղղությամբ կառուցողական աշխատանքը, քանի որ յուրաքանչյուր նման հայտարարություն, իսկ դրանք քիչ չեն եղել, լարվածություն են մտցրել ու անընդհատ խնդիրներ են հասունացրել երկկողմ հարաբերություններում։ Մենք մշտապես արձանագրել ենք, որ սա բարդ հակամարտություն է, սա աշխարհի միակ նմանատիպ հակամարտությունը չէ, հակամարտությունների պատմությունը ցույց է տալիս, որ դրանք չեն լուծվում մի քանի տարվա ընթացքում, պահանջվում են մի քանի տասնյակ տարիներ, պատերազմներ, նույնիսկ փաստաթղթեր, որոնք, միևնույն է՝ հարցերը չեն լուծում։ Ուստի ասել, որ այս կամ այն փաստաթուղթն իրատեսական չէր, տեղին չէ»,- ասաց Լուկիանովը։
Նրա համոզմամբ՝ շատ հարցեր երկկողմ ոչ հանրային մթնոլորտում հնարավոր կլիներ քննարկել ու լուծել, ինչպես սովորաբար դա արվում է երկրների միջև։
«ՀՀ շատ քայլեր, հայտարարություններ անհասկանալի են եղել Ռուսաստանի համար, բայց Ռուսաստանն ամեն դեպքում պահպանել է հարաբերությունների մթնոլորտը, սակայն դա այս փուլում արդեն դժվար է հաջողվում։ Ռուսաստանը դրանք երբեմն անտեսում է նաև ուկրաինական ճակատում գերզբաղվածության պատճառով»,- ասաց նա։