Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ Այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։
«Հանրապետության նախագահի որոշմամբ օրինագիծը կուղարկվի Սահմանադրական խորհուրդ՝ հաստատելու դրա համապատասխանությունը երկրի Սահմանադրությանը»,- Վերանի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Նա խոստովանել է, որ կառավարությունն ի սկզբանե տեղյակ էր, որ ներգաղթի մասին օրենսդրության բարեփոխումը «վտանգավոր առաքելություն» է լինելու։ Միաժամանակ նա օրինագիծն անվանել է «չափազանց օգտակար այն օտարերկրացիների դեմ, որոնք բազմիցս հանցագործություն են կատարում»։ Վերանը պարզաբանել է, որ օրենքը կընդունվի Սահմանադրական խորհրդի կողմից հաստատվելուց հետո։
Ֆրանսիայի Ազգային ժողովը 349 կողմ, 186 դեմ ձայներով ընդունել է միգրացիայի կանոնները խստացնելու մասին օրինագիծը։ Մասնավորապես, այն նախատեսում է անօրինական միգրանտների արտաքսման պարզեցում, ընտանիքի վերամիավորման ընթացակարգի բարդացում, ներգաղթյալների համար պետական սոցիալական աջակցություն ստանալու պայմանների խստացում, ինչպես նաև խորհրդարանի կողմից հաստատված տարեկան միգրացիոն քվոտաների ներդրում։
Ըստ France 24 պարբերականի՝ օրենքի կարևոր տարրերից մեկն այն է, որ օտարերկրացիներին սոցիալական անվտանգության նպաստներ կտրամադրվեն, եթե նրանք Ֆրանսիայում են գտնվում 5 տարի, իսկ աշխատանք ունեցողների դեպքում՝ 30 ամիս։ Իսկ երկքաղաքացիություն ունեցող հանցանք գործած անձինք կզրկվեն Ֆրանսիայի քաղաքացիությունից։
Այս օրինագծի ընդունումն ուղեկցվել է բուռն բանավեճերով, տարաձայնություններ են առաջացել նաև նախագահ Մակրոնի կուսակցության ներսում։