ԱԱԾ տնօրենին և նրա տեղակալներին կնշանակի և կազատի ոչ թե ՀՀ նախագահը, այլ միայն Նիկոլ Փաշինյանը
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեցին «ԱԱԾ-ում ծառայելու, ԱԱԾ մարմինների և Զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքներում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերը։
Ներկայացնելով օրենքների նախագծերը, Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ասաց, որ փոփոխությունները փոքր են, սակայն կարևոր ու հրատապություն պահանջող։
«Ազգային անվտանգության ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է, բոլորս այդ մասին գիտենք։ Մինչդեռ ծառայության տնօրենը և տնօրենի տեղակալներն օրենքի ներկայիս կարգավորումներով պաշտոնի նշանակվում կամ ազատվում են նախագահի կողմից։ Ներկայիս նախագծով գործող կարգավորումները վերանայել ենք այնպես, որ նշված անձանց պաշտոնի նշանակումը և ազատումն իրականացվի վարչապետի կողմից, ծառայության՝ վերջինիս ենթակա լինելու հանգամանքը հաշվի առնելով»,- պարզաբանեց Արդարադատության փոխնախարարը։
Ըստ նրա, Հանրային ծառայության մասին օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված պետական վարչական պաշտոններ զբաղեցնող անձանց՝ ինչպես նշանակման, այնպես էլ՝ ազատման կարգի, կարգավիճակի համապատասխան է հանրային ծառայության ընդհանուր տրամաբանությանը, որը նախատեսել են դեռևս 2018 թվականին։
«Այս պայմաններում արդեն հնարավոր կլինի ապահովել «Հանրային ծառայության» մասին օրենքին համապատասխանությունը, ինչպես նաև պետական համակարգի մարմինների մասին օրենքի կարգավորումների համապատասխանությունը։ Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ փոփոխությունը վերաբերելի է միայն ԱԱԾ տնօրենին և նրա տեղակալներին, սա չի վերաբերում ԱԱԾ մյուս ստորաբաժանումներին։ Օրենքի ընդունումը կրում է հրատապ բնույթ, որի ընդունումը, կարող եմ ասել, որոշ չափով ուշացած է»,- եզրափակեց Արմենուհի Հարությունյանը։