ՀՀ կառավարությունը դեռ չի ստացել Ամուլսարի իր բաժնեմասը. փոխնախարար
ՀՀ կառավարությունը դեռ չի ստացել Ամուլսարի հանքավայրի իր բաժնեմասը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։
Այս տարվա փետրվարին ՀՀ կառավարությունը, «Լիդիան Արմենիան» և Եվրասիական զարգացման բանկը եռակողմ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, որով կողմերը պարտավորվեցին մոտ 150 մլն դոլարի ներդրում կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրում: Նաև բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց ևս 100 մլն դոլարի ներդրումների վերաբերյալ։ Հուշագրով ՀՀ կառավարությունը պետք է ստանա ընկերության 12.5 տոկոս բաժնեմասը։
«Ֆորմալ տեղափոխությունը դեռևս տեղի չի ունեցել։ Ստորագրված հուշագրի շրջանակում աշխատանքները շարունակվում են, որովհետև կառավարության կողմից բաժնետոմս ստանալը ինքնանպատակ պրոցես չէ։ Այն ենթադրում է բոլոր տեսակի հաշվետվողական գործիքները, որոնցով օժտված կլինի կառավարությունը։ Բաժնետեր լինելն իր հերթին պատասխանատվություն է։ Օրինակ` ենթակառուցվածքների անվտանգության մասով։ Մենք պետք է հասկանանք`արդյոք բոլոր հնարավոր ռիսկերը փարատվա՞ծ են։ Այդ ժամանակ արդեն ֆինանսավորման պրոցեսները կբացվեն, և նոր միայն տեղի կունենա բաժնետոմսերի փոխանցումը»,- ասաց փոխնախարարը։
Դեկտեմբերի 14-ին Եվրասիական զարգացման բանկի ավագ գործադիր տնօրեն Դենիս Իլյինը հայտարարել էր, որ ԵԶԲ-ն Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացրել, դրա համար անհրաժեշտ են ոչ միայն լրացուցիչ փորձաքննություններ, այլև նախագծի բնապահպանական աջակցության պլանի մշակում, որպեսզի պահպանվի ազգային պարկը, տարածքի բնությունը, և լինեն տնտեսական օգուտներ։
Հովհաննես Հարությունյանը լրագրողների վստահեցրեց, որ այս պահին Ամուլսարում այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։
«Հանքավայրում աշխատում է թիմ, որին պատվիրակվել է ոչ թե փորձաքննություն, այլ հանքավայրի շահագործման մեկնարկին ուղղված ծառայությունները, որովհետև նման մեծ ծավալի աշխատանքների մեկնարկի համար մեծ աշխատանքներ կան անելու` սկսած կազմակերպությունների ընտրությունից, որոնք պետք է աշխատեն։ Մի քանի տարի է` այնտեղ շինարարական աշխատանքները դադարեցվել են, և պետք է գնատվեր` աշխատանքները պետք է շարունակվեն այն փուլից, որ պահից դադարեցվել են, թե պետք է եղած ինժեներական ենթակառուցվածքները քանդվեն և նորերը կառուցվեն։ Դրանց գնահատումն ու դրանց մասին եզրակացություն ունենալը պարտադիր պայման է թե՛ ֆինանսավորող կազմակերպությունների կողմից, թե՛ կառավարության կողմից»,- պարզաբանեց նա։
Նա հավաստիացրեց, որ վերոհիշյալ նախապատրաստական աշխատանքի վերջնաժամկետը դեկտեմբերն է։ Իսկ 2024թ–ին պետք է մեկնարկեն արդեն բուն շահագործման աշխատանքները։