Ադրբեջանցի լրագրողներին տարել են «Օհանյանի գիծ». Ադրբեջանում խոսքի ազատության վիճակը չի փոխվել
Ադրբեջանի իշխանությունները մի ձեռքով անկախ և հետաքննող լրագրողների են ձերբակալում (վերջին մեկ ամսում 8 լրագրող է զրկվել ազատությունից), իսկ մյուս ձեռքով տեղի լրատվամիջոցներին թույլատրում են լուսաբանել, օրինակ, գերիների փոխանակման գործընթացը, Արցախի օկուպացված տարածքների ականազերծման աշխատանքները: Այսինքն, այն, ինչ տեղավորվում է պետական քարոզչական հետաքրքրությունների շրջանակում:
Օրինակ, դեկտեմբերի 15-ին ադրբեջանական լրատվամիջոցները ներկա են գտնվել Մարտակերտ-Թերթեր ճանապարհի և «Օհանյան գիծ» անունը կրած հատվածի ականազերծման աշխատանքներին:
«Այս հատվածում բավականին շատ են ականները: «Օկուպացիայի» (չակերտները.- Մ.Պ.) ժամանակաշրջանում այստեղ տեղակայված էին «սեպարատիստների» մարտական դիրքերը»,- լրագրողներին ասել է Ադրբեջանի ՊՆ լրատվական ծառայության ղեկավար, գնդապետ Անար Էյվազովը, որին մենք մի առիթով անդրադարձել էինք:
Մասնավորապես, գրել էինք, որ այս տարվա հունիսին է Անար Էյվազովը նշանակվել Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար: Բացի այդ, նրան շնորհվել էր զինվորական նոր կոչում՝ գնդապետ: Մինչ այդ նա զբաղեցնում էր Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնը և 2021 թվականի սեպտեմբերի 1-ից կատարում էր ծառայության պետի պաշտոնակատարի պարտականությունները, երբ Վագիֆ Դարգյահլըն Ադրբեջանի ԳՇ-ում նոր պաշտոն ստացավ:
Նշենք, որ կադրային այս փոփոխություններից հետո տեղի ունեցան 2021 թվականի նոյեմբերյան մարտերն ու ադրբեջանական առաջխաղացումները:
Մասնավորապես, 2021թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների հարձակումներ էին եղել ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի մարտական հենակետերի ուղղությամբ, մարտեր էին ընթացել Իշխանասարի ուղղությամբ, Քիլիսալի լեռան շրջակայքում և այլն: Ադրբեջանական այս սադրանքի հետևանքով հայկական կողմն ունեցել էր մարդկային և տարածքային կորուստներ:
Ավելին, 44-օրյա պատերազմից մեկ օր առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՊՆ մամուլի ծառայությունում կատարված կառուցվածքային փոփոխությամբ հաստատվել էր մամուլի քարտուղարի պաշտոն, և այս պաշտոնում նշանակվել էր այն ժամանակ փոխգնդապետ Էյվազով Անար Մահամմադալի օղլուն:
Վերադառնանք «Օհանյանի գծին» և հիշեցնենք, որ 2022-ի մարտի 9-ին «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցում ադրբեջանցի գեներալ-մայոր, Հայրենական պատերազմի (2020-ի Արցախյան պատերազմ.- Մ.Պ.) հերոս Քյանան Սեիդովն անդրադարձել էր Ֆիզուլիի և Աղդամի մարտերին, որոնք, ըստ նրա, ծանր են եղել:
Այդ համատեքստում ադրբեջանցի գեներալը խոսել էր նաև անհաղթահարելի «Օհանյանի գծի» մասին՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ ասել է «Օհանյանի գիծ» կամ պատնեշ:
«Այդ տարածքում, իրապես, ինժեներական կառույցներ կային, որոնք հակառակորդն անվանել էր «անհաղթահարելի Օհանյանի գիծ»: Ի՞նչ ասել է՝ Օհանյանի գիծ»: Այսօր ցանկացած մարդ կարող է տեսնել այդ գիծը, տեսնել և հասկանալ, թե 28 տարի հակառակորդն ինչ աստիճանի նախապատրաստական աշխատանք է տարել: Բառի բուն իմաստով կառուցվել են մի քանի պարիսպներ, ամրաշինական կառույցներ՝ տակտիկական նորմատիվները մի քանի անգամ գերազանցող: Հսկայական աշխատանք է կատարվել, ինչը բարդացնում էր ցանկացած տեխնիկայի, անգամ՝ hետևակի շարժն ու անցումը:
Այսինքն, թշնամին լրջորեն պատրաստվել էր: Մարտական դիրքերը, երկարաժամկետ կրակային կետերն ամրացվել էին երկաթբետոնե կոնստրուկցիաներով, պատրաստվել էին պարիսպներ, հակատանկային խրամատներ և ոչ պայթյունավտանգ արգելափակոցներ, ամուր ինժեներական կառույցներ, իսկ գերիշխող բարձունքներում տեղադրվել էր տեսադիտարկման համակարգ: Պատկերացրեք, որ այդ արգելափակոցների պաշտպանության համար թշնամին տեղադրել էր նաև մեծաքանակ հակատանկային միջոցներ: Սա անխուսափելիորեն բարդացնում էր տեխնիկայի և անձնակազմի շարժը՝ այդ խոչընդոտների հաղթահարման ժամանակ»,- մանրամասնել էր ադրբեջանցի գեներալը:
Այսինքն, ադրբեջանական լրատվամիջոցներին այստեղ բերելը զուտ քարոզչական բնույթ է կրում, և, առհասարակ, նման միջոցառումներին, հատկապես, երբ ներքին և արտաքին քաղաքական շահերի համատեքստում այն կարևոր գործոն է, ինչի կարիքը հաղթած Ադրբեջանը գուցե այսօր ավելի շատ ունի, որովհետև 2018 թվականից առաջ, ըստ էության, ադրբեջանական լրատվամիջոցները գրեթե չեն մասնակցել գերիների փոխանակմանը, հայ-ադրբեջանական սահմանին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած ԵԱՀԿ մոնիտորինգներին: Այսինքն, սա բնավ չի խոսում այն մասին, որ Ադրբեջանի քաղաքականությունը լրատվամիջոցների նկատմամբ մեղմվել է: Այո, ՀՀ-ում լրատվամիջոցների դեմ Փաշինյանի իշխանությունը ժամանակ առ ժամանակ սահմանափակումներ է դնում, շատ անգամ որոշ տեղեկություններ մենք իմանում ենք ադրբեջանական աղբյուրներից, և դրանք նաև համապատասխանում են իրականությանը, բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը խոսքի ազատության առումով հաջողություններ են գրանցել, մենք ենք ինչ-ինչ առումներով հետ գնացել:
Ի դեպ, օրերս Ադրբեջանում առաջարկվել է քրեական պատասխանատվություն սահմանել զորքերի ու զինտեխնիկայի տեղակայման և տեղաշարժի տեղեկությունների տարածման համար:
Նախագծի համաձայն՝ եթե զինված ուժերի անձնակազմի տեղաշարժի կամ տեղակայման մասին տեղեկատվությունը տարածվում է պատերազմական կամ մարտական պայմաններում, և չկան սույն օրենքով նախատեսված գործողությունների նշաններ 274 հոդվածով՝ պետական դավաճանություն, 276 հոդվածով՝ լրտեսություն, 284 հոդվածով՝ պետական գաղտնիքի տարածում, ապա նախատեսվում է ազատազրկում 3-6 տարի ժամկետով։ Եթե նույն գործողությունները հանգեցնում են ծանր հետևանքների, ապա պատիժը նախատեսում է ազատազրկում՝ 5-8 տարի ժամկետով։
Ավելին, ինտերնետային տեղեկատվական ռեսուրսի և դրա դոմեյնի սեփականատերը կամ տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցի օգտատերն իրավունք չունի տեղեկատվություն տարածել զինված ուժերի անձնակազմի կամ ռազմական տեխնիկայի տեղաշարժի կամ տեղակայման մասին:
Բացի այս, վարչական պատիժ է սահմանվում այն զինվորականների համար, որոնք տեղեկատվություն են տարածում զինված ուժերի անձնակազմի, զենքի, զինամթերքի կամ ռազմական տեխնիկայի տեղաշարժի կամ տեղակայման մասին։
Այս առումով, թերևս, ՀՀ-ում ևս որոշակի անելիքներ կան: Սա առանձին քննարկման թեմա է: