«Եթե ՀՀ իշխանությունները ճանաչել են Արցախն Ադրբեջանի կազմում, միջազգային հանրությունը չէր կարող հակառակվել». Մետաքսե Հակոբյանը՝ Միշելի հայտարարության մասին
Օրերս «Ազատությանը» տված հարցազրույցում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն ասել էր, որ Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում։
«Կարծում ենք, որ էթնիկ հայերը պետք է վերադառնալու իրավունք ունենան կամ գոնե կարողանան այցելել Ադրբեջանի այդ հատված, և նրանց անվտանգությունն ու իրավունքները պետք է երաշխավորված լինեն։ Փոքրամասնությունների պաշտպանության մասով կան միջազգային չափանիշներ, որոնք պետք է հարգվեն Ադրբեջանի Սահմանադրության համաձայն, որի շրջանակում էլ պետք է փոքրամասնությունների այդ իրավունքները երաշխավորվեն»,- ասել է Միշելը։
168.am–ի հետ զրույցում Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն արձագանքելով Շառլ Միշելի այս հայտարարությանը՝ ասաց՝ եվրոպական երկակի ստանդարտները մեզ համար նորություն չեն, որևէ տարբերություն չկա, թե դա որ երկիրն է անում։ Թեպետ Ֆրանսիան միշտ ներկայացել է հայկական կողմին բարեկամ երկիր, բայց պետք է հիշել, որ յուրաքանչյուր երկիր իր շահն է հետապնդում։
«Ֆրանսիայի վերջին հայանպաստ հայտարարությունից հետո, երբ Ադրբեջանի կողմից կոշտ արձագանք ունեցավ, դրան հետևեց այս հայտարարությունը։ Օրինաչափ է արդեն դարձել, երբ հայանպաստ որևէ հայտարարություն լինում է, Ադրբեջանի կոշտ արձագանքից հետո փոփոխության է ենթարկվում այդ հայանպաստ հայտարարությունը։
Մենք չկարողանալով սանձել ՀՀ իշխանությանը, մշտապես մեղավորներ ենք փնտրում այլ տեղերում։ Միջազգային հարթակներից չէին կարող նման հայտարարություններ չհնչել, որովհետև եթե Հայաստանի իշխանությունները ճանաչել են Արցախը՝ որպես Ադրբեջանի կազմ, հետևաբար՝ միջազգային հանրությունը չէր կարող դրան հակառակվել»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։
Հարցին՝ եթե Եվրոպայից հնչող այս հայտարարություններից հայկական կողմից՝ պաշտոնական մակարդակով չկա հակադարձում, հակադարձումն անում է միայն Արցախը, արդյո՞ք դա միջազգային հանրությունը կընկալի՝ որպես անհամաձայնություն արցախահայության կողմից, Արցախի ԱԺ պատգամավորը պատասխանեց, որ, ցավոք, միայն 2020 թվականի պատերազմից հետո Արցախն ու արցախահայությունը տարբեր ձևերով ու միջոցներով իրենց անհամաձայնությունն արտահայտեցին։
«Արցախի Հանրապետության ժողովուրդը մի քանի անգամ հանրահավաքներ էր անցկացնում, խոսվում էր արցախահայության ցանկությունների ու կամքի մասին։ Կարծում եմ՝ սա միջազգային հանրությունը տեսնում ու լսում էր, բայց խուլ ու համր էր ձևանում։ 30 տարի շարունակ այդ նույն միջազգային հանրությունը որևէ անգամ չէր ընդունել կամ էլ ակնարկ չէր արել, որ ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում։ Չեմ ուզում արդարացնել միջազգային հանրությանը, բայց 30 տարի շարունակ ինչ հայկական կողմից մատուցվել էր նրան, նա այն էլ ընկալել էր։ 2018 թվականից հետո, այս իշխանությունների ջանքերով միջազգային հանրությունն Արցախի հարցը սկսեց ընկալել այլ կերպ։ Այստեղից պետք է հասկանալ, որ այն, ինչ իշխանությունները մատուցեցին միջազգային հանրությանը, նրանք այդպես էլ հասկացան։ Այս թոհուբոհի մեջ, ցավոք, որևէ մեկը չի ցանկանում լսել Արցախի ժողովրդի ձայնն ու ցանկությունը։ Որքան էլ խոսենք այս մասին, պետք է Արցախի ձայնը տեղ հասցնեին ՀՀ իշխանությունները, որոնք խուլ ու համր են, որը բխում է նրանց շահերից»,- ընդգծեց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորը։