Եթե առաջիկա ամիսների ընթացքում չհաջողվի որևէ թուղթ ստորագրել Արևմուտքի միջնորդությամբ, ապա Արևմուտքը կկորցնի այդ հնարավորությունը. եվրոպացի վերլուծաբան

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարել է՝ Ադրբեջանն ընդունել է ԱԳ նախարարների մակարդակով Վաշինգտոնում հանդիպելու՝ ԱՄՆ հրավերը։

Նա մասնավորապես ասել է. «Այս պահին այդ մասին տեղեկատվություն ունենք, Բրյուսելի մասով աշխատանքները երբեք չեն էլ դադարել, իրենք շարունակում են աշխատանք տանել, որ Բրյուսելում տեղի ունենա հանդիպում»։

Մարուքյանի խոսքով՝ չկա վերջնականացրած խաղաղության պայմանագրի նախագիծ, որը պատրաստ կլինի ստորագրման. «Հույսն այն է, որ հունվարին սպասվող արտգործնախարարների մակարդակով հանդիպմանը, որին Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը, պետք է որ մենք հասնենք նրան, որ պայմանագրի տեքստը վերջնականացվի»։

Իր հերթին՝ Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին ասել է, որ խաղաղության պայմանագիր կնքելու հիմնական սկզբունքները երեքն են՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, դելիմիտացիայի գործընթացի քաղաքական հենքը Ալմաթիի հռչակագիրն է, տարածաշրջանային կոմունիկացիաները բացվում են երկրների իրավազորության, սուվերենության հարգմամբ՝ փոխադարձության և հավասարության սկզբունքի հիման վրա։ Փաշինյանը հիշեցրել է՝ այս երեք սկզբունքներն արձանագրվել են Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի և իր հանդիպման արդյունքներով, և եթե Ադրբեջանը չի հրաժարվում այս պայմանավորվածություններից և սկզբունքներից, մոտ ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնում է շատ իրատեսական։ «ՀՀ-ն վերահաստատել և վերահաստատում է իր հավատարմությունը նշված պայմանավորվածություններին»,- ասել է նա։

Ուշագրավն այն է, որ Բաքվից քիչ առաջ հերքեցին, թե որևէ համաձայնություն արտգործնախարարների առաջիկա հանդիպման վայրի ու ամսաթվի վերաբերյալ կա։

Ջեյհուն Բայրամովն արձագանքել է նաև երկու երկրների զորքերը սահմանից դուրս բերելու՝ Երևանի առաջարկին։

«Եթե զորքերը դուրս բերվեն չսահմանազատված սահմանից, ո՞վ է երաշխավորելու, որ այնտեղ ոչինչ չի լինելու։ Այս առաջարկն անընդունելի է ադրբեջանական կողմի համար։

Ադրբեջանական բանակն այսօր պաշտպանում է իր սահմանները. Համաձայն չեմ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հայտարարության հետ սահմանից զորքերի դուրսբերման վերաբերյալ»,- ընդգծել է Բայրամովը՝ դա որակելով՝ սխալ նախաձեռնություն մի իրավիճակում, երբ սահմանի վերաբերյալ համաձայնություն չկա։

168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Նիկոլյա Հայոսն ասաց, որ ավանդական դիվանագիտությունը հարափոփոխ աշխարհում չի աշխատում, ինչը նշանակում է, որ պայմանավորվածությունները որևէ լուրջ արժեք չունեն, չկա միջազգային արդյունավետ գործող կարգ, այն փլուզվել է, որից օգտվում են նրանք, ում հարկավոր է ինչ-ինչ հարցեր լուծել։

Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը չի հրաժարվում ՀՀ-ի նկատմամբ ճնշման քաղաքականությունից։

«Վերջին տարիների ընթացքում նա կարողացել է մի քանի կարևոր հարց լուծել առանց հետևանքների։ Բնականաբար, նույն գործելակերպը շարունակելու ցանկություն կա։ Դա է պատճառը, որ զորքերի հետքաշմանն Ադրբեջանը դեմ է։ Եթե չլինեն արևմտյան ճնշումներ, Ադրբեջանն Արևմուտքում և որևէ այլ հարթակում չի բանակցի շարունակելու համար իր միակողմանի գործընթացը Հարավային Կովկասում։ Կարծում եմ՝ այս հրաժարմանը Վաշինգտոնը պետք է արձագանքի, եթե Ադրբեջանը համաձայնել էր հանդիպել»,- ասաց նա։

Վերլուծաբանը գտնում է, որ եթե առաջիկա մի քանի ամիսների ընթացքում չհաջողվի որևէ թուղթ ստորագրել Արևմուտքի միջնորդությամբ, ապա Արևմուտքը կկորցնի այդ հնարավորությունը։

«Դրա հավանականությունը շատ մեծ է»,- շեշտեց Նիկոլյա Հայոսը։

 

Տեսանյութեր

Լրահոս