Փաշինյանը պատրաստ է Ալիևին տալ բոլոր երդումները, սակայն ներսում դժվար է լինելու. Արթուր Մարտիրոսյան

Դեկտեմբերի 7-ին պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանի  աշխատակազմի և Ալիևի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին։

«Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների»,- ասված է հայտարարության մեջ:

Հաղորդագրության մեջ նաև նշված էր, որ Հայաստանը և Ադրբեջանը կշարունակեն իրենց քննարկումները վստահության կառուցման ավելի շատ միջոցառումների իրականացման վերաբերյալ՝ մոտ ապագայում կյանքի կոչելու համար, և կոչ են անում միջազգային հանրությանը`աջակցելու իրենց ջանքերին, որոնք կնպաստեն երկու պետությունների միջև փոխադարձ վստահության կառուցմանը և դրական ազդեցություն կունենան Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի համար:

Արդյո՞ք Հայաստանն ու Ադրբեջանն առանց միջնորդների են սկսել բանակցել, առանց միջնորդների Ադրբեջանի հետ բանակցելն ի՞նչ հնարավոր վտանգներ կարող է ունենալ Հայաստանի համար։

Կարդացեք նաև

168.am հետ զրույցում կոնֆլիկտաբան, բանակցային գործի մասնագետ, ԱՄՆ CM & Partners ընկերության ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանն արձագանքելով այս հարցերին, նախ ասաց, որ դրանց պատասխանները միանշանակ չեն, ամեն ինչ կախված է կոնտեքստից, կողմերից և այլն։

«Իհարկե, Ադրբեջանը կնախընտրի առանց միջնորդի, կամ կգտնի այնպիսի միջնորդ, որն իրեն ավելի ձեռնտու կլինի։ Եթե Արևմուտքը, Ֆրանսիան, եվրոպական երկրներն իրենց համար ընդունելի չեն, ապա Ռուսաստանն էլ երևի ինչ-որ չափով անընդունելի է՝ որպես միջնորդ, որովհետև միջնորդները միշտ իրենց շահերն ունեն։ Արդյոք հնարավո՞ր է գտնել միջնորդ, որն այդպիսի շահեր չունի, դժվար է ասել, ես դեռ չգիտեմ, թե այդ որ երկրին են վստահելու, որ միջնորդական ծառայությունը տրամադրեն»,- նշեց Արթուր Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ իհարկե, հնարավոր է, որ կողմերն առանց միջնորդների ինչ-որ թեմաների շուրջ բանակցեն, սակայն կայն խնդիրներ, որոնց վերաբերյալ առանց միջնորդների բանակցելն անհնար է, չի երևում, որ առանց միջնորդի հնարավոր է այդ ամենը։

«Կողմերը նոր են սկսել խոսել վստահության մասին, փոխադարձ քայլեր են անում, թե՝ ահա մենք քայլ արեցինք, որը մյուս կողմին ցույց կտա, որ վստահելի ենք։

Ի վերջո, այն վստահության կապիտալը, որը պետք է մեր պարագայում, ձեռք է բերվում միայն տրանզացիոն դաշտ, որն էլ եթե ձևավորվի, ապա երկար տարիներ պետք է համագործակցեն՝ վստահություն ձեռք բերելու համար։ Եթե չկա վստահություն, ուրեմն՝ պետք է լինի միջնորդը, որը կգտնի տարբերակներ, որոնք երկու կողմի համար էլ ընդունելի կլինեն։ Խնդիրն այն է, որ հայկական կողմը պատրաստ է գնալ բոլոր հնարավոր զիջումներին, այն զիջումներին, որոնք առնչվում են հայկական ինքնության հետ, միայն թե ադրբեջանական ու թուրքական կողմը, այսպես կոչված, թուրքական աշխարհն ընդունի որպես պետություն այս տարածքով՝ իրենց պատկերացած 29.800 քկմ տարածքով, որի մասին Փաշինյանը խոսում է միշտ։ Կարծում եմ՝ սա թյուրիմացություն է, որովհետև այսօր պայմանավորվում են մի խաղացող կազմի հետ, այսինքն՝ Ալիև-Էրդողան, վաղը կարող է փոխվի, մեկ ուրիշը գա ու ասի, որ ավելին կարող է ստանալ, և այլն։ Նման բան տեղի ունեցել է մարդկության ամբողջ պատմության մեջ, գտնել մի լուծում, որը հավերժական ու միանշանակ լուծում կլինի՝ գոյություն չունի»,- շեշտեց կոնֆլիկտաբանը։

Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանը նաև ասաց, որ նույնիսկ այն տարածքներում, որտեղ երկրներն ունեն նույն արժեքները՝ նկատի ունի Եվրամիությունը, այնտեղ էլ ժամանակի ընթացքում խնդիրներ ու տարաձայնություններ են առաջանում, բայց նրանք հաշվի առնելով դառը փորձը՝ 20-րդ  դարի Համաշխարհային երկու պատերազմները, գտել են, որ ինչ-որ ձևով պետք է գան կոնսենսուսի, երկխոսությամբ լուծել խնդիրները։

«Մեր տարածաշրջանում նման բան չկա, և ես չգիտեմ, թե ինչի վրա է հույսը դրել պարոն Փաշինյանը։ Այսինքն՝ երևի հույսը դրել է նրա վրա, որ ամենակարևորը, որ այս տարածքը պահպանվի, և ինքն իր իշխանությունը պահի, իսկ մնացածը կերևա։ Սա նա բնակչությանը վաճառում է որպես հավերժական խաղաղության լուծում և այլն, բայց նման բան չկա։ Պետք է հասկանանք, որ այս տարածաշրջանում դու պիտի քո անվտանգության դիլեմայի խնդիրը լուծես, որպեսզի կարողանաս զսպես»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Նրա համոզմամբ՝ Ադրբեջանի ու Թուրքիայի ամենակարևոր շահն այստեղ այժմ տարածքային է, իսկ ապագայում լինելու է՝ փոքր Հայաստանում մեծացնել իրենց բնակչությունը, տնտեսական ազդեցությունը, որպեսզի Հայաստանը դառնա իրենցից կախված մի պետություն։

«Իհարկե, պարոն Փաշինյանը և իր թիմակիցները խոսում են սուվերեն երկրի և այլնի մասին, բայց փաստորեն նրանք խոսում են ժամանակավոր լուծումների մասին, որոնք բխում են միայն իրենց քաղաքական շահերից, այսինքն՝ իշխանությունը պահելուց»,- նշեց Ա. Մարտիրոսյանը։

Հարցին՝ այդ երկխոսության ընթացքում որևէ փուլում ու կետում կարո՞ղ է արծարծվել Արցախի ու արցախահայության հարցը, թե՞ Հայաստանի ու Ադրբեջանի օրվա իշխանություններն այդ հարցը փակված են համարում, կոնֆլիկտաբանը պատասխանեց, որ Ալիևն ուզում է հավատալ, որ այդ թեման փակ է, և ինքն այդ վստահության համար ասում է, որ՝ «Հայաստանը պետք է խոստումներ տա, որ ռևանշ չի լինելու»։

«Ալիևն էլ է հասկանում, որ եթե խոսում է ռևանշից, ապա հասկանում է, որ այդ ռևանշը հնարավոր է։ Ինչ վերաբերում է պարոն Փաշինյանին, ապա նա պատրաստ է տալ բոլոր երդումները, որ ոչ մի ռևանշ չի լինելու։ Խնդիրն այն է, որ ներսում իրեն դժվար է լինելու, ներսում բանակցելու խնդիր միշտ ունեցել է և ունենալու է։ Ներսում բանակցել ու հայությանը համոզել, որ սա ճիշտ է՝ խնդիր է։ Ինքը դեռ ձևը չի գտել փաթեթավորել ու ներկայացնել, թե սա է ճիշտը։ Փորձելու են երկուստեք ցույց տան, համոզեն, թե, այո՛, մենք գնում ենք խաղաղության, նույնիսկ տնտեսական դիվիդենտներ կլինեն այդ համագործակցությունից, որպեսզի ներսում էլ համոզեն, որ պետք է հրաժարվել ոչ միայն Արցախից, այլև հայկական խնդիրներից, որոնք առաջացել են 20-րդ դարի սկզբից՝ Հայոց ցեղասպանությունից։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, այս ամենից մենք պետք է հրաժարվենք, նա բացեիբաց ասում է այդ մասին, ես չգիտեմ, թե ինչու շատերի մոտ այնպիսի տպավորություն է, որ դա չի արվել ու չի ասվում։ Նրանք դա անում են, բայց երբ տեսնում են, որ ընդդիմության կամ բնակչության կողմից բացասական արձագանք են ստանում՝ մեկ քայլ հետ են գնում։

Դասագրքերում գրեցին ամեն ինչ, տեսան, որ աղմուկը բացասական է՝ մեկ քայլ հետ արեցին, սակայն սա չի նշանակում, որ իրենց նպատակներից հրաժարվեցին։ Նրանք այսպես են տեսնում երկրի ապագան, հայ տեսակի պահպանումն այս տարածքում։ Եթե չլինի այլընտրանքային ու համոզիչ նարատիվ, որ հնարավոր է այլ ձևով պահել մեր պատմությունը, հիշողությունը, մենք ոչ միայն տարածքներ ենք թողել Ադրբեջանում ու Թուրքիայում, այլև թողել ենք հողեր, որտեղից հայկական ծագումնաբանությունն է։ Ինքը ուզում է, որ մենք դրանից հրաժարվենք, նոր պատմություն գրեն, ինքն այդ ճանապարհին է, որպեսզի ամեն ինչ ընդունելի լինի թուրքական աշխարհի համար»,- եզրափակեց Արթուր Մարտիրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս