Սա դատարանի սանհանգույցն է. որևէ մեկը կարո՞ղ է ասել՝ ձեռնափայտով ու կողմնակի օգնությամբ տեղաշարժվող Գագիկ Խաչատրյանն ինչպե՞ս պետք է օգտվի նշված սանհանգույցից. Երեմ Սարգսյան

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, փաստաբանական թիմի հաղորդմամբ, տեղի է ունենում ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստի ամենաառանցքային դրվագներից մեկը:

«Երկար ժամանակ մենք փորձել ենք զերծ մնալ անձնական տվյալների հրապարակայնացումից, այդ թվում նաև՝ առողջական դրության վերաբերյալ հանգամանքներից: Այսօր, սակայն, միջնորդելու ենք ամբողջ դատական նիստի բաց և հրապարակային քննության համար՝ լուսանկարահանման և տեսանկարահանման հնարավորությամբ»,- նշված էր Գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմի տարածած  հաղորդագրության մեջ:

Նրանք տեղեկացրել էին նաև, որ չնայած առողջական խնդիրներին, Գագիկ Խաչատրյանը ներկա կգտնվի նիստին:

Գագիկ Խաչատրյանն իսկապես ներկայացել էր նիստին. Նրան դատարան էին բերել շտապօգնության մեքենայով: Եվ նկատելի էր, որ վերջինս իրեն լավ չի զգում:

Կարդացեք նաև

Նիստի մեկնարկից քիչ անց էլ Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը վատացավ, ինչի պատճառով նիստն ընդմիջվեց, մինչև անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերվի վերջինիս: Գագիկ Խաչատրյանին ներարկում կատարեցին, վերջինիս վիճակը փոքր-ինչ կայունացավ:

Մինչ Գագիկ Խաչատրյանին օգնություն էին ցուցաբերում, հանրային մեղադրողը երկար ելույթ էր ունենում այն մասին, որ Գագիկ Խաչատրյանն անհարկի ձգձգում է նիստերը, և, որ մեղադրյալ Սեդրակ Առուստամյանը գործում է Գագիկ Խաչատրյանի ուղղորդմամբ, հետևաբար՝ Գագիկ Խաչատրյանը պետք է կալանավորվի:

Երեմ Սարգսյանը հակադարձեց մեղադրողին՝ որպես օրինակ՝ ցույց տալով դատարանի սանհանգույցի լուսանկարը:

«Սա դատարանի սանհանգույցն է: Հիմա որևէ մեկը կարո՞ղ է ասել՝ հենաշարժողական ծանրագույն խնդիրներ ունեցող, ձեռնափայտով ու կողմնակի օգնությամբ տեղաշարժվող Գագիկ Խաչատրյանն ինչպե՞ս պետք է օգտվի նշված սանհանգույցից»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Մինչ Երեմ Սարգսյանը շարունակում էր պաշտպանական ճառը, դատավորի աշխատակազմից մի աղջիկ Արթուր Մկրտչյանին ինչ-որ թուղթ փոխանցեց, ինչից հետո դատական նիստն ընդմիջվեց կարճ ժամանակով:

Դատական նիստը վերսկսվեց, պաշտպան Երեմ Սարգսյանն ավարտեց իր խոսքը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս