ԵՄ անդամ մի շարք երկրներ աջակցություն են հայտնում Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման միջոցառումներին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով նիստի շրջանակներում հանդիպումներ է ունեցել ԵՄ անդամ մի շարք երկրների ԱԳ նախարարների և ԵՄ պաշտոնյաների հետ։
Հանդիպումներից հետո Եվրոպական Միության անդամ մի շարք երկրների արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի հետ հանդիպումներից հետո գրառումներ են արել X-ի իրենց միկրոբլոգում։
«Լավ հանդիպում նախարար Միրզոյանի հետ։ Մենք վերահաստատեցինք ԵՄ ամուր քաղաքական աջակցությունը Հայաստանին և ուսումնասիրեցինք համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ խթանելով կայուն խաղաղությունը տարածաշրջանում», – գրել է Բելգիայի արտգործնախարար Հաջա Լահբիբը։
Մալթայի արտգործնախարար Յան Բորգը նշել, որ Մալթան՝ որպես ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող երկիր, կաջակցի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդմանն ուղղված միջոցառումներին։
Ռումինիայի արտգործնախարար Լումինիցա Օդոբեսկուն նշել է, որ իր երկիրն աջակցում է Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության օրակարգին։ «Ռումինիան պատրաստ է աշխատել Հայաստանի հետ երկկողմ, ինչպես նաև ԵՄ մակարդակով»,- գրել է նա։