Ի՞նչ է պատրաստվում անել ԵՄ-ն ՀՀ անվտանգության ոլորտում
ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների վատթարացման և անվտանգության ոլորտում Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին այլընտրանքներ գտնելու ՀՀ իշխանությունների հայտարարություններին զուգահեռ՝ ԵՄ-ից հնչում են հայտարարություններ տվյալ ոլորտում Հայաստանին աջակցության մասին։
Նախ նշենք, որ այսօր Բրյուսելում մեկնարկում է Եվրոպական միության «Արևելյան գործընկերության» արտաքին գործերի նախարարների համաժողովը: Համաժողովում նախագահելու է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Բնականաբար, որպես ԱլԳ երկրի ներկայացուցիչ՝ ՀՀ ԱԳ նախարարը ևս արդեն Բրյուսելում է, մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։
«Ինձ համար պատիվ է և լավ առիթ ներկայացնելու մերօրյա Հայաստանը, մեր առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև մեր հնարավորություններն ու ձգտումները: Սա շատ լավ հնարավորություն է՝ ներկայացնելու մեր պատկերացումները ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները խորացնելու, Հայաստանի և ԵՄ միջև իրականացված աշխատանքների, ինչպես նաև անելիքների վերաբերյալ»,- հանդիպման մեկնարկին ասել է Միրզոյանը։
Ըստ ԵՄ հաղորդագրության՝ նախքան խորհրդի հանդիպումը Բորելը ոչ պաշտոնական նախաճաշ է ունեցել Միրզոյանի հետ։ Բրյուսելում է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը, սակայն նրա հետ հանդիպում չի նախատեսվում։ ԱլԳ արտաքին գործերի նախարարների համաժողովին կմասնակցեն ծրագրին անդամակցող վեց պետություններից հինգի՝ Ուկրաինայի, Մոլդավայի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերտատեսչությունների ղեկավարները:
ՀՀ-ԵՄ հարաբերություններում որոշակի ջերմացման ֆոնին Եվրամիությունից հնչում են հայտարարություններ, որ Եվրամիությունը մտադիր է Հայաստանի զինված ուժերին աջակցություն տրամադրելու վերաբերյալ կոնկրետ առաջարկներ մշակել և այդ նպատակով Բրյուսելն առաջիկայում տեխնիկական առաքելություն կուղարկի Երևան։ «Պատրաստվում ենք տեխնիկական առաքելության այցին՝ այս տարվա վերջին կամ տարեսկզբին՝ ոչ մահաբեր ձևաչափի աջակցության ոլորտում կոնկրետ առաջարկների մշակման համար»,- նշել էր ՀՀ-ԵՄ պատվիրակության ղեկավար Մարագոսը՝ չհստակեցնելով՝ ինչ ասել է «ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը»։ Ավելի վաղ էլ Եվրամիության պատվիրակությունն էր հայտարարել, թե Եվրոպական միությունը լրացուցիչ կուսումնասիրի եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով Հայաստանի զինված ուժերին «ոչ մահաբեր ձևաչափի» աջակցությունը։
Ուշագրավ է նաև, որ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է, որ ԵՄ-ն չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը։ Նա նշել է, որ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, այն «արժեքների քաղաքական և տնտեսական համայնք է»: Ստանոն պարզաբանել է՝ Եվրամիությունը չի նախատեսում հայ զինվորականներին պատրաստել ԵՄ անդամ երկրների տարածքում։ Նա վերահաստատել է՝ Եվրամիությունն ուսումնասիրում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, միևնույն ժամանակ շեշտելով՝ կոնկրետ որոշումներ դեռ չկան։
Վրացի եվրոպագետ Կախա Գոգոլաշվիլին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ անվտանգային կարիքների հարցն այնքան սուր է դրված, որ ԵՄ-ն, չլինելով ռազմական կառույց, ունենալով այդ ոլորտում խիստ սահմանափակ հնարավորություններ և աջակցության գործիքներ, փորձում է ինչ-որ բան անել։
Ըստ նրա, ԵՄ-ի, ինչպես նաև Հայաստանի համար իրավիճակը բավականին բարդ է։
«Հայաստանը ՆԱՏՕ անդամակցության ցանկություն չի հայտնում, չի լքում ՀԱՊԿ-ը, զգուշանում է այդ քայլից, սակայն հարաբերությունները գտնվում են սահմանային իրավիճակում, ՀՀ-ն դիրքավորվել է արտաքին քաղաքական դաշտում՝ որպես եվրաինտեգրացիային պատրաստ պետություն։ ԵՄ-ն հասկանում է, որ ՀՀ գլխավոր կարիքները վերաբերում են անվտանգության ոլորտին, կարծում եմ՝ երկկողմ բանակցությունների հիմնական թեման նաև սա է։ Եթե ՀՀ-ն արտաքին քաղաքական շրջադարձ է անում, պետք է այդ ոլորտում առաջին հերթին իրեն հուսալի զգա։
ԵՄ-ն այդ կարիքին արձագանքում է, սակայն պետք է հասկանալ, որ ԵՄ-ն ինքնին այդ ոլորտում բեկում չի կարողանալու մտցնել, որովհետև դրա համար համապատասխան ռեսուրս չունի։ Բայց ԵՄ-ն կարող է իր քաղաքական ռեսուրսը տրամադրել, որպեսզի առանձին երկրներ նպաստեն այս խնդրի կարգավորմանը։ Կլինեն առանձին նախաձեռնություններ, ինչպես Ֆրանսիայի դեպքում է, ԵՄ-ի կողմից կարող են լինել ներդրումներ նպատակային այդ ոլորտի համար։ Կարծում եմ՝ սա այն է, ինչ ԵՄ-ն կարող է անել»,- ասաց Գոգոլաշվիլին։
Նրա խոսքով, ՀՀ կարիքները բավարարելու համար, բնականաբար, դա բավարար չէ, ուստի այլընտրանքներ ևս պետք է լինեն։
«Բայց ներդրումները որոշակի առումով կօգնեն»,- ասաց նա։
Գոգոլաշվիլիի խոսքով, ԵՄ-ի դեպքում ցանկացած օգնություն կրելու է պաշտպանական նպատակ, քանի որ Ադրբեջանի դեմ հարձակողական զենք չի տրամադրվի։
«Այս հակամարտությունը չպետք է շփոթել Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության հետ։ Այնտեղ Արևմուտքը, Ուկրաինան այլ խնդիրներ են լուծում, թեև նույնիսկ այս պարագայում Արևմուտքից Ուկրաինայի ղեկավարությունը գոհ չէ»,- ասաց Գոգոլաշվիլին։
Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը գտնում է, որ ԵՄ-ից հնչող հայտարարությունները պարզապես ականջահաճո հայտարարություններ են հայ ժողովրդի համար, որպեսզի մարդիկ մտածեն, թե անվտանգության ոլորտում Արևմուտքը լուրջ քայլեր է իրականցնելու ԵՄ-ի տեսքով։
Իրականում, ըստ նրա, ԵՄ-ն դրա համար չի պատրաստվում ոչ մի տեսակի լուրջ ռեսուրս ներդնել։
«Եթե Արևմուտքը ցանկանա և ունենա հնարավորություն, ներդրումներ կշարունակի անել Ուկրաինայում։ Հայաստանում անվտանգություն ապահովելու համար անհրաժեշտ ռեսուրսներ չի դրվելու, կարծում եմ՝ դրանք նաև չկան։ Արևմուտքը վերջին տարիներին իր հնարավոր ողջ ռեսուրսն ուղղեց Ուկրաինային, ապա Ուկրաինայի հակահարձակման համար բավականին մեծ ներուժ դրվեց, հիմա արդեն կա նահանջ այդ հարցում, քանի որ սա կարող է անվերջ շարունակվել, իսկ ռեսուրսներն անսպառ չեն։ Վրաստանի, Ուկրաինայի դեպքում ՆԱՏՕ-ի անդամակցություն նույնիսկ չեղավ։
Քաղաքականություն մշակողները պետք է ուսումնասիրեն այն, ինչ տեղի է ունենում հետսովետական տարածաշրջանում։ Հայաստանին Ռուսաստանից կտրելու համար, կարծում եմ, Արևմուտքը նման հայտարարություններ կանի, եթե համաձայնագիրն էլ Ադրբեջանի հետ համաձայնեցվի վերջնական։ Պարզապես Արևմուտքը համարում է, որ կարիք չի ունենա առանձնապես զինելու Հայաստանին, քանի որ բոլոր հարցերը լուծված կլինեն»,- ասաց վերլուծաբանը։
Այդ հույսերը, նրա խոսքով, պայմանավորված են ռեգիոնի առանձնահատկությունների մասին գաղափարի բացակայությամբ։
«Պատերազմ եղավ, ավարտվեց, սակայն սահմանային միջադեպերը չեն դադարել, եթե նույնիսկ համաձայնագիր ստորագրվի, այս հակամարտության շատ հարցեր մնալու են հետագա բանակցությունների համար, ու որքան էլ ցավալի է, ցանկացած հարց բանակցելիս՝ ուժի բաղադրիչն առաջին պլան է գալու։ Ուստի ՀՀ-ն դեռ վաղուց՝ պատերազմի ավարտից անմիջապես հետո, պետք է անցներ այս ուղղությամբ աշխատանքների, շատ ժամանակ կորցրեց և ներկայումս զուտ ԵՄ-ի հետ հույսեր կապելը ևս սխալ կլինի, քանի որ դրանք հայտարարություններ են՝ առանց լուրջ նշանակության»,- ասաց նա։