
Բլինքենը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին սպասում է Վաշինգտոնում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն սպասում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին Վաշինգտոնում՝ խաղաղության շուրջ բանակցությունների։
Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը Բաքու այցից հետո։
«Դրական և կառուցողական հանդիպումներ ունեցա Բաքվում։ Ինչպես ասացի նախագահ Ալիևին, ԱՄՆ-ն ողջունում է Կենտրոնական բանկի կառավարչի և էներգետիկայի նախարարի այցերը, իսկ պետքարտուղար Բլինքենը սպասում է արտաքին գործերի նախարարներ Բայրամովին և Միրզոյանին շուտով Վաշինգտոնում հյուրընկալելուն՝ խաղաղության շուրջ բանակցությունների համար», – գրել է O’Բրայենը X սոցիալական ցանցի իր էջում։
Օ’Բրայենը Բաքու էր մեկնել դեկտեմբերի 6-ին։