«Իրաքի իսլամական դիմադրությունը» հայտնել է ամերիկյան ռազմակայանի վրա հարձակման մասին
«Իրաքի իսլամական դիմադրություն» շարժման կազմի մեջ մտնող շիա զինված խմբավորումները հայտարարել են, որ Իրաքի Անբարի նահանգում անօդաչու թռչող սարքով հարձակում են գործել ամերիկյան Այն ալ Ասադ ռազմակայանի վրա։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ի հրապարակումից։
Շարժման հայտարարության համաձայն՝ Այն ալ Ասադ ռազմակայանին հարվածը հասցվել է՝ «ի պատասխան Գազայի հատվածում հակառակորդի հանցագործությունների»։ Ինչպես պնդում են շարժման կողմնակիցները, ԱԹՍ-ն «խոցել է առաջադրված թիրախը»։ Պատճառված վնասի մասին տեղեկատվություն չի հաղորդվում։
Վերջին անգամ Այն ալ Ասադ ռազմակայանը հարձակման է ենթարկվել նոյեմբերի 23-ին։ Այդ ժամանակ «Իրաքի իսլամական դիմադրության» ԱԹՍ-ները հարվածել էին նաև Իրաքյան Քրդստանի Էրբիլի միջազգային օդանավակայանից ոչ հեռու գտնվող ռազմակայանին:
Պենտագոնն օրերս հայտնել էր, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև պատերազմի ընթացքում Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմակայանները գրեթե 80 անգամ հարձակման են ենթարկվել։