ԱՄՆ-ն Ադրբեջանին հորդորում է տևական խաղաղության հասնել Հայաստանի հետ

Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է Ադրբեջանի հետ շփումները, որպեսզի հորդորի նրանց խաղաղության հասնել Հայաստանի հետ։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Պատասխանելով այն հարցին՝ արդյոք Վաշինգտոնը չի շարունակի սովորական հարաբերությունները Բաքվի հետ, եթե չլուծվի ղարաբաղյան հակամարտության հարցը, ինչպես այդ մասին The Hill-ին շաբաթներ առաջ հայտնել էր ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը՝ Միլլերն ասել է, որ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ չպահպահելը կհակասեր ինչպես ԱՄՆ-ի շահերին, այնպես էլ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության շահերին։

«Մենք շարունակում ենք ուղղակի շփումներն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, որպեսզի հստակեցնենք, օրինակ, Ադրբեջանի դեպքում, թե ինչ մտահոգություններ ունենք։ Մեզ մտահոգում են լրագրողներին ձերբակալելու վերջին միտումները։ Մենք շարունակում ենք հորդորել նրանց հարգել մարդու իրավունքները և հիմնական ազատություները բոլորի համար։ Այդ մասին մենք այս հարթակից նախկինում էլ ենք խոսել։ Մենք նաև շարունակում ենք նրանց հետ շփումները, որպեսզի հորդորենք նրանց տևական խաղաղության հասնել Հայաստանի հետ, և մենք դրա վրա կշարունակենք կենտրոնանալ մեր դիվանագիտական շփումների ընթացքում», – ասել է Միլլերը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը դեկտեմբերի 6-8-ը կլինի Ադրբեջանում և Ռումինիայում։ Բաքվում պաշտոնյան կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը։

Տեսանյութեր

Լրահոս