
Վենեսուելացի և ֆրանսիացի զինվորականները 3,5 տոննա կոկաին տեղափոխող նավ են կալանել

Վենեսուելայի զինված ուժերը ֆրանսիացի զինվորականների հետ համատեղ գործողության ընթացքում կալանել են 3,5 տոննա կոկաին տեղափոխող նավ։ Այդ մասին հայտնել է Վենեսուելայի ներքին գործերի, արդարադատության և խաղաղության հարցերի նախարարությունը։
«Վենեսուելայի բոլիվարական կառավարության և Ֆրանսիայի համատեղ գործողության ընթացքում կալանվել է 3 500 կիլոգրամ կոկաին տեղափոխող նավ», – գերատեսչության հայտարարությունից մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ երկու երկրների առափնյա պահպանության ստորաբաժանումների հետախուզական աշխատանքների արդյունքում Don Teófilo նավը կալանվել է Բարբադոս կղզուց 260 ծովային մղոն դեպի հարավ-արևմուտք․ Վենեսուելայի 8 քաղաքացի ձերբակալվել է:
«Գործողության ընթացքում հայտնաբերվել է թմրանյութով 119 փաթեթ՝ 3 500 կիլոգրամ կոկաինի ընդհանուր քաշով: Պարզվել է, որ նավն օրինական ճանապարհով դուրս է եկել Սուկրեի նահանգից՝ անցնելով համապատասխան ստուգումներ, ուստի ենթադրվում է, որ թմրանյութը ձեռք է բերվել բաց ծովում», – ասված է հայտարարության մեջ: