«Էդ սպառնը՞մ եք». Կարեն Անդրեասյանի «կռուտիտներին» Գեղամ Մանուկյանը հակադարձեց Էդմոն Մարուքյանի խոսքով
Այսօր ԱԺ նիստում քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Ներկայացված թեկնածուներից են Սերգեյ Մարաբյանը, Ռուբիկ Մխիթարյանը, Մանվել Շահվերդյանը: Ռուբիկ Մխիթարյանն ու Մանվել Շահվերդյանը չէին եկել ԱԺ:
Ըստ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանի՝ Ռուբի Մխիթարյանը վիրահատություն է տարել ու ինքնազգացողությունը վատացել է:
«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Գեղամ Մանուկյանը առողջություն մաղթեց Ռուբիկ Մխիթարյանին՝ հիշեցնելով, որ վերջինս հաշվի չի առել առողջական խնդիրներ ունեցող բժիշկ Արմեն Չարչյանի խնդիրը ու կալանքի տակ է նրան պահել:
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, պրոֆեսոր, հեղինակավոր բժիշկ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանն ավելի վաղ ասել էր. «Դատավոր Ռուբիկ Մխիթարյանի պատճառով ես ունեցել եմ լուրջ առողջական խնդիրներ»:
Ա. Չարչյանի կալանքն անհամատեղի էր առողջական վիճակի հետ, որը հիմնավորված էր բժշկական փաստաթղթերով. «Մենք դատական նիստի ժամանակ ասում էինք, որ բացի անձեռնմխելիության հանգամանքից, այն հիվանդությունը, որն ունի պարոն Չարչյանը, առերևույթ վկայում է այն մասին, որ համապատասխանում է կառավարության որոշմանը՝ հիվանդությունների ցանկին, որոնք անհամատեղելի են կալանավորման հետ։ Ասում էինք, որ չի կարող կալանավորվել Արմեն Չարչյանը։ Դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մեր փաստարկը համարեց անհիմն, չընդունեց, սակայն իրական կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք, իրենք բոլորը սխալ»,-2022թ. ապրիլին հայտարարել էր Ա. Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Այսօր ԱԺ-ում Գեղամ Մանուկյանը հարց ուղղեց Կարեն Անդրեասյանին.
«Պարոն Անդրեասյան, ժողովրդական խոսք կա, ասում են՝ լավ, ձեր գյուղում էլ ուրիշ հերոս չկա՞: Ռուբիկ Մխիթարյան, 2022թ. դեկտեմբերին առաջադրվել է ԲԴԽ-ի կողմից Վճռաբեկ դատարանի Վարչական պալատի թեկնածու, հունիսին ԱԺ-ում էլի քննարկվել է նրա թեկնածությունը Վճռաբեկի Հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի թափուր տեղի համար, չի ընտրվել: Հետո ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրվել դատավորների կողմից, չի ընտրվել: Մամուլում հրապարակվեց տեղեկություն, որ ձեր նախաձեռնությամբ 18 դատավորներով ԲԴԽ-ում տեղի է ունեցել ոչ օրինական նիստ, դուք հայտարարել եք, որ Վերաքննիչ դատարանի նախագահի հետ խնդիրներ ունեք, չեք կարողանում նրա հետ աշխատելու առաջարկել եք Ռուբիկ Մխիթարյանին ընտրել Վերաքննիչի նախագահ, դատավորներն ըմբոստացել են: Այդ տեղեկությունը որևէ կերպ չի հերքվել: Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն է Ռուբիկ Մխիթարյանի ֆենոմենը: Իհարկե, ես հասկանում եմ, Ռուբիկ Մխիթարյանն ընդհանրապես դատական համակարգում՝ Վերաքննիչում համարվում է քաղաքական պատվերով որոշումներ կայացնող ամենահայտնի դատավորներից մեկը: Բայց այնպես անկեղծ խոսեցիք դատավորների մասին, սենտիմենտալ, մարդկանց սիրտն էր հալվում: Կարո՞ղ է այս անգամ էլ անկեղծանաք»:
Ռուբիկ Մխիթարյանի «հովանավոր» ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը պատասխանեց.
«Սահմանադրությամբ իշխանության 3 հավասար ճյուղեր գոյություն ունեն՝ օրենսդիր, գործադիր և դատական: Խնդրում եմ հարգալից խոսել իշխանության երրորդ թևի ներկայացուցիչների մասին: Ուզում եմ հիշեցնել, որ կա «Քրեական օրենսգիրք» այս ԱԺ-ի կողմից ընդունված՝ դատավորին վիրավորելու հետ կապված հոդվածներով: Ինչ վերաբերում է, պարոն Մանուկյան, ձեր մեջբերումներին մամուլից, եթե մամուլի բոլոր հրապարակումները սկսեինք ԱԺ-ի այս բարձր ամբիոնից մեկնաբանել, ուղղակի կարծում եմ ԱԺ-ն իր բարձունքից կարող էր սասանվել, դրա համար թույլ տվեք ասեկոսեները չմեկնաբանել»:
Ըստ նրա, Ռուբիկ Մխիթարյանը իր պարտավորությունները պատշաճ կատարել է, հակառակ դեպքում իր դեմ կլիներ գոնե մեկ կարգապահական վարույթ, կամ արդեն լիազորությունները դադարեցված կլինեին: Կարեն Անդրեասյանի՝ Քրեական օրենսգրքի հոդվածը հիշեցնելը Գեղամ Մանուկյանին հիշեցրեց Էդմոն Մարուքյանին՝ «էդ սպառնը՞մ եք»:
Մանուկյանը, օբյեկտիվորեն, հակադարձեց, որ կարգապահական վարույթներ ԲԴԽ-ն հարուցում է, երբ իրենց սրտին հաճո դատավոր չի լինում.
«Վստահ եմ, Ռուբիկ Մխիթարյանի դեպքում նման վարույթ չէիք հարուցի: Ռուբիկ Մխիթարյանը մամուլի հրապարակումից հետո ասել էր, որ ինքը իրավական քայլերի է դիմելու, դա հունիսին էր, մինչև հիմա որևէ հայց չի ներկայացվել, հերքում չի եղել»: Կարեն Անդրեասյանը հերքեց՝ ասելով, որ մամուլի այդ հրապարակման հետ կապված իրավական գործընթաց եղել է. «Իրավապահ մարմինները ստուգել են ու պարզել են, որ դա սուտ է»:
Կարեն Անդրեասյանը հերթական անգամ ստեց: Մենք անդրադարձել էինք Կարեն-Անդրեասյան փախհարաբերություններին:
Գրել էինք.
«Մենք փորձեցինք հասկանալ՝ այդ ի՞նչ աներևույթ թելեր են կապում Ռուբիկ Մխիթարյանին ու Կարեն Անդրեասյանին, ինչո՞ւ է վերջինս ձգտում ամեն կերպ մոտիկից հարաբերվել Ռուբիկ Մխիթարյանի հետ:
Այն, որ 2018թ.-ից այս կողմ հատկապես քաղաքական հնչեղություն ունեցող գործերով իշխանությունը Վերաքննիչում նախապատվությունը տալիս է Ռուբիկ Մխիթարյանին, ակնհայտ ու հասկանալի է: Նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյան, ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյան, Արմեն Չարչյան, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյան, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյան… Այս անձինք ազատազրկվել կամ ազատազրկված են մնացել հենց Ռուբիկ Մխիթարյանի որոշմամբ:
Ակնհայտ է, որ Ռուբիկ Մխիթարյանի հետ պայմանավորվելն իշխանությունների համար առանձնապես բարդություն իրենից չի ներկայացնում, ու հենց դա է նրա գլխավոր «արժանիքը» Կարեն Անդրեասյանի բարեհաճության ներքո հայտնվելու համար:
Մեր տեղեկություններով՝ Ռուբիկ Մխիթարյանի դուստրը՝ Ռուբինա Մխիթարյանը, 2022թ. կարճ ժամանակով Կարեն Անդրեասյանի տեղակալի՝ արդարադատության նախկին փոխնախարար, ներկայումս ՆԳՆ փոխնախարար Արփի Սարգսյանի օգնականն է եղել: Պարզ է, որ որևէ գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյայի օգնականի պաշտոնում պատահական մարդիկ չեն հայտնվում: Ի դեպ, նույն Արփի Սարգսյանի ամուսինը՝ Արշակ Վարդապետյանը, հիմա Կարեն Անդրեասյանի խորհրդականն է ԲԴԽ-ում. նախկինում նա նույնպես աշխատել է Արդարադատության նախարարությունում, կրկին Կարեն Անդրեասյանի խորհրդականի պաշտոնում:
Հատկանշական է, որ Արշակ Վարդապետյանը նախկին ՀՀԿ-ական ջավախքցի պատգամավոր Տաճատ Վարդապետյանի եղբոր՝ Վարդան Վարդապետյանի որդին է:
Դեռևս ԲԴԽ դատավոր անդամի ընտրությունից առաջ մամուլը գրեց, որ «Ռուբիկ Մխիթարյանի համար լոբբինգ է անում Սնանկության դատարանի նախագահ Արթուր Աթաբեկյանը, որը ևս իր թեկնածությունն առաջադրել է ԲԴԽ անդամի թափուր տեղի համար: Բանն այն է, որ Աթաբեկյանը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավոր, ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանի քեռու տղան է ու Մխիթարյանի հետ նախկինում աշխատել է դատական դեպարտամենտում»:
ԱՐՄԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ