Դելին պատրաստ է աշխատել Երևանի հետ «Հյուսիս-Հարավ» միջազգային միջանցքի շրջանակում․ դեսպան
«Նոր իրողություններ և խաղաղության խաչմերուկ» փորձագիտական համաժողովի ժամանակ ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան հայտարարեց, որ Հնդկաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում՝ ընդգծելով, որ Դելին ողջունում է Չաբահարի նավահանգստի զարգացման ծրագրի մասնակից դառնալու Երևանի որոշումը։
«Այսօրվա համաժողովը մեզ հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ, թե ներկա իրողություններում Հայաստանը ինչպես կարող է ակտիվացնել պատմական հաղորդակցությունները։ Հնդկաստանն ու Իրանը սերտորեն համագործակցում են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախաձեռնության ուղղությամբ, որը Պարսից ծոցի երկրները կապում է Կասպից ծովի, Ռուսաստանի և Եվրոպայի հետ։ Հայաստանը նույնպես նախագծի մի մասն է, և մենք պատրաստ ենք աշխատել նրա հետ, հասկանալ, ինչպես նա կարող է օգուտ քաղել այդ միջանցքի շահագործման դեպքում»,- ասաց դեսպանը։
Նրա խոսքով՝ դեպի Ասիա տնտեսական հոսքերի ավելացումը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանի երկրների համար։ Հնդկաստանը, հասկանալով տարածաշրջանային համագործակցության կարևորությունը, որոշել է իր ներդրումն ունենալ Չաբահարի նավահանգստի զարգացման հարցում, որը միայն տրանսպորտային հանգույց չէ։
Դեսպան Սինհան նշեց նաև, որ Հնդկաստանն առաջարկել է Չաբահար նավահանգիստը ներառել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծում, ինչը շուտով այն իրականություն կդառնա։
«Հայաստանը զարգացնում է իր ենթակառուցվածքային և լոգիստիկ հզորությունները Իրանի սահմանի հարավային հատվածից մինչև Վրաստանի սահմանի հյուսիսային հատված: Հնդկական որոշ ընկերություններ հետաքրքրված են այս նախագծով: Մենք պատրաստ ենք մասնակցել Հայաստանում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը»,- ասաց Սինհան։