Բաժիններ՝

Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտության առաջին ամսվա ընթացքում լրագրողների զոհվելու ռեկորդային դեպքեր են գրանցվել

Լրագրողների պաշտպանության կոմիտեն դեկտեմբերի 4-ին ներկայացրել է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ընթացող հակամարտության ժամանակ զոհված լրագրողների թիվը՝ 63։

Կոմիտեն լրագրողների սպանության դեպքերն արձանագրում է 1992 թ․-ից և հայտարարել է, որ «Իսրայել-Գազա պատերազմի առաջին ամիսն ամենամահաբերն է եղել լրագրողների համար»։

Առայժմ պարզ չէ՝ արդյոք բոլոր լրագրողներն իրենց զոհվելու պահին լուսաբանում էին հակամարտությունը, սակայն կոմիտեն նրանց ևս ներառել է ցուցակում, մինչ ընթանում է նրանց մահվան հանգամանքների հետաքննությունը։

Դեկտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է 63 լրագրողի և լրատվամիջոցների աշխատակցի մահ՝ 56 պաղեստինցի, 4 իսրայելցի, 3 լիբանանցի։ 11 լրագրող վիրավորվել է։ 3 լրագրող անհետ կորած է, իսկ 19 լրագրող ձերբակալվել է։

Ըստ Լրագրողների պաշտպանության կոմիտեի՝ լրագրողների համար «ամենամահաբեր օրը» եղել է ռազմական գործողությունների առաջին օրը՝ հոկտեմբերի 7-ը, երբ սպանվել էր 6 լրագրող։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանական գերատեսչությունը AFP և Reuters գործակալություններին հայտնել էր, որ չի կարող երաշխավորել նրանց լրագրողների անվտանգությունը․ գործակալությունները դիմել էին Իսրայելին՝ փորձելով հավաստիացում ստանալ, որ իրենց աշխատակիցները չեն հայտնվի իսրայելական հարվածների թիրախում։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ը ներխուժել էր Իսրայել՝ սպանելով 1200 մարդու։ Իսրայելի պատասխան հարվածների և ցամաքային ներխուժման հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 15 800-ը։ Կողմերի միջև 7-օրյա հրադադարի ընթացքում 105 գերիներ փոխանակվել են իսրայելական բանտերում գտնվող 240 բանտարկյալների հետ։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ գտնվում է Իսրայելից գերեվարված 136 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս