Արդյո՞ք Երևանն ու Բաքուն կընդունեն ԵԱՀԿ առաջարկը․ մեկնաբանում են վերլուծաբանները

Օրերս ԵԱՀԿ ղեկավարությունը հանդես եկավ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված երկխոսության օգտին՝ առաջարկելով ԵԱՀԿ հարթակը բանակցությունների համար։

Օրերս Սկոպյեում կազմակերպված ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի ժամանակ հայտարարել էր ԵԱՀԿ գործող նախագահ և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին։

«Ղեկավարությունն աջակցում է քաղաքական գործընթացի շարունակությանը, որն ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը»,-  նշել էր Օսմանին։ Նա ընդգծել էր, որ ԵԱՀԿ–ն կառուցողական երկխոսության համար հարթակ է առաջարկում։

Ավելի վաղ ևս Օսմանին հայտնել էր, որ աջակցում է քաղաքական գործընթացների շարունակմանը, որոնք ուղղված են երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, և նշել, որ ԵԱՀԿ-ն ու նրա համապատասխան կառույցները, իրենց մանդատի շրջանակներում, պատրաստ են նպաստելու տարածաշրջանում արդար, երկարատև, արժանապատիվ և ներառական խաղաղության հասնելու գործընթացին: ԵԱՀԿ գործող նախագահն ընդգծել էր նաև, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը նաև Ադրբեջանի պարտավորությունն է, և անընդունելի էր համարել ուժի կիրառումը վեճերը լուծելու հարցում: Օսմանին այն կարծիքն էր հայտնել, որ տեղում միջազգային ներգրավվածության վերաբերյալ քննարկումները պետք է շարունակվեն, անկախ միջազգային դիտորդական առաքելությունը, ըստ նրա, վստահություն կհաղորդի նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց բնակավայրեր: Պաշտոնական Բաքուն քննադատել էր ԵԱՀԿ-ի դիրքորոշումը։

168.amի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան, եվրոպագետ Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ, ցավոք սրտի, ԵԱՀԿ-ն իրեն սպառել է հայ-ադրբեջանական կամ ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում, քանի որ 2020 թվականի պատերազմից հետո լուրջ քննադատության է ենթարկվում հատկապես Ադրբեջանի կողմից, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբին չհաջողվեց կարգավորել հակամարտությունը և դառնալ կարգավորման վստահելի հարթակ։

Ըստ նրա, իհարկե, պատճառները շատ տարբեր են և հատկապես այն, որ սա բարդ հակամարտություն է, այնուամենայնիվ, ԵԱՀԿ Մինսկի խումբը և ԵԱՀԿ-ն չդարձան այն գործիքը, որը հարկավոր էր կողմերին։

«Մյուս պատճառը, որ ԵԱՀԿ հարթակը որևէ երկրի թե ռեգիոնում, թե դրանից դուրս չի հետաքրքրում, այն է, որ աշխարհն Ուկրաինայի պատերազմի մեկնարկով նոր, բարդ առճակատման փուլ է մտել, որի ֆոնին, ինչպես տեսնում ենք, Արևմուտքը, իհարկե, հանդես է գալիս ԵՄ-ով, ԵԱՀԿ-ով, սակայն արևմտյան առանձին երկրները, նրանց շահերը, ազդեցությունը և շահագրգռությունն ավելի էական են դառնում։ Ուստի ԵԱՀԿ-ն անում է հայտարարություններ, սակայն ԵՄ-ն, ԱՄՆ-ը հանդես են գալիս՝ ելնելով այլ սկզբունքներից։ Ինչպես տեսնում ենք, ակտիվ է առանձին ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, մասամբ՝ նաև Գերմանիան»,- ասաց վերլուծաբանը։ Նրա խոսքով, չի հաջողվում բանակցությունները կազմակերպել նույնիսկ նման ձևաչափով, քանի որ Ադրբեջանն օգտվում է այն հանգամանքից, որ ուժի կիրառումն աշխարհում ներկայումս չի արժանանում այն արձագանքին, որն իսկապես կզսպեր երկրներին և կառուցողական հուն կտեղափոխեր։

«Կա վստահություն, որ ճնշումների կամ ուժի կիրառումը հնարավոր է, որ կա լուրջ առճակատում աշխարհում, որ Հարավային Կովկասը չափազանց կարևոր է Արևմուտքի համար, որը փորձում է դիվանագիտական եղանակով, առանց իրավիճակ սրելու՝ լուծել իր քաղաքական հարցերը։ Սա ձևավորել է Ադրբեջանի ներկայիս դիրքորոշումը։ Այդ դիրքորոշման վրա ազդել է նաև Ռուսաստանի ու Թուրքիայի դիրքավորումն Արևմուտքի նկատմամբ։ Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվել են բանակցային փակուղում աշխարհակարգի ճգնաժամի պատճառով։ Ուստի ԵԱՀԿ-ի հայտարարությունն ընդհանրապես հերթապահ բնույթ է կրում, որևէ լուրջ նախաձեռնություն դրա ներքո չկա։

Այս փուլում ավելի կարևոր ու ազդեցիկ են առանձին երկրների նախաձեռնությունները։ Սակայն, ամեն դեպքում, ռեգիոնում անորոշությունը ու անվտանգային անկայունությունը մեծ է»,- ասաց Գոգոլաշվիլին։

Խոսելով կողմերի միջև ուղիղ բանակցությունների մասին՝ վերլուծաբանն ասաց, որ մեկ հանդիպումը չափազանց քիչ է գնահատելու համար այդ գործընթացի լրջությունը։

«Ինչպես հիշում ենք, դեմարկացիայի այս գործընթացը Մոսկվայում սկսվել էր շատ վաղուց, սակայն այդպես էլ հասկանալի չդարձավ, թե ինչ են հասցրել համաձայնեցնել կողմերը, քանի անգամ են հանդիպել ու ինչ արդյունք են արձանագրել։

Հարց է նաև, թե ինչու այս ընթացքում չի հաջողվել այս հարցով շարունակել բանակցությունները, ուստի ինձ համար բարդ է նաև այս մասին որևէ բան ասել։ Երբ տեսնենք կայուն, պարբերական գործընթաց, կարող ենք ասել, որ այն ունի հեռանկար։ Ուղիղ բանակցություններն իրենց բարդ կողմերն ունեն, քանի որ կողմերի միջև առկա հավասարակշռությունը, դրա պակասը լրջորեն արտահայտվում է նման բանակցությունների ընթացքում՝ խոչընդոտելով այդ բանակցությունների առաջընթացը, ուստի հարկավոր է ժամանակ»,- ասաց վերլուծաբանը։

Մեզ հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ եթե կողմերը մերժում են ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի առաջարկը, կարծել, որ ԵԱՀԿ հարթակը կընդունվի՝ անտրամաբանական է, քանի որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը անհամեմատելիորեն ավելի մեծ ազդեցություն ունեն, քան ԵԱՀԿ-ն։

«Որքան էլ խնդրահարույց է, կարծում եմ՝ բանակցությունները պետք է որ Արևմուտքում ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի միջնորդությամբ շարունակվեն, քանի որ կողմերն այլընտրանք չունեն, Ռուսաստանը որևէ առաջարկով հանդես չի գալիս, իսկ ուղիղ բանակցությունները, իմ համոզմամբ, չեն հաջողելու, նման քաղաքական տրամադրությունների պայմանում ուղիղ բանակցելը լրջագույն մարտահրավեր է։ Չի բացառվում, որ Արևմուտքն այլ միջնորդ խաղացողներ մտցնի գործընթաց, որոնք ենթադրաբար կկարողանան արդյունավետ երկխոսել Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի հետ։

Փորձը ցույց է տալիս, որ միջնորդը չի կարող միակողմանի լինել, իսկ ներկայումս որևէ կողմի դեմ որևէ հայտարարություն անտեսված չի մնում։ Այս պայմաններում միջնորդների համար ևս բարդ է առաջ մղել բանակցային գործընթացը»,- ասաց նա։ Եվրոպացի վերլուծաբանը ևս գտնում է, որ անորոշությունը պահպանվում է, ու առաջիկայում Խաղաղության համաձայնագրի ստորագրման հավանականություն կա, բայց այն շատ ցածր է։

«Ուղիղ բանակցություններն ընդհանրապես անհեռանկար են ինձ համար»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս