Ռիսկն այն է, որ այս տեղամասը կարող է միանգամից դատարկվել ֆինանսական առումով. Վարդան Բոստանջյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օրերս անդրադառնալով Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմանը, հույս է հայտնել, որ ՀՀ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մինչև 2023 թվականի վերջ կհասնի 8200 դոլարի։
Ի դեպ, այս հայտարարությունը ևս նախարարը համեմել է իրեն հատուկ աննախադեպության մասին արձանագրումով՝ վստահեցնելով, թե երկուսուկես տարվա ընթացքում Հայաստանն արձանագրել է աշխարհում ամենաբարձր տնտեսական աճերից մեկը, և 2020 թվականի նկատմամբ ՀՆԱ-ն աճել է 100 տոկոսով։
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն իրատեսական է համարում Քերոբյանի կանխատեսումը, սակայն պարզաբանում է, որ դա ամենևին էլ գործող իշխանությունների աշխատանքի արդյունքը չէ:
«Այս պահի դրությամբ մեկ շնչին ընկող ՀՆԱ-ն 7800 դոլար է: Բայց քանի որ ՏԱՑ-ը բարձր է, ինչը նշանակում է, որ ֆինանսական շատ ռեսուրսներ կան հանրապետությունում ու էական չէ՝ մե՞րն է, թե՞ ուրիշինը, այդ պարագայում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն մեծանում է: Հետևաբար, հավանական է, որ կգերազանցի 8000 դոլարը»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց տնտեսագետը:
Ի դեպ, Վարդան Բոստանջյանը նկատեց, որ փոխարժեքի նվազումը ևս էական նշանակություն է ունեցել մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի նոմինալ բարձրացման համար:
Տնտեսագետը, սակայն, հավելեց, որ այս իրավիճակում առկա են բազմաթիվ ռիսկեր:
«Մենք ամբողջությամբ գտնվում ենք ռիսկային դաշտում: Սա նմանվել է մի տեղամասի, որտեղ մեր կամքից անկախ՝ փող է հոսել և ուրախություն է պատճառում բոլորիս, բայց իրականում ունենք տնտեսության վատ կառուցվածք՝ արդյունաբերություն չկա, գյուղատնտեսությունն անհասկանալի վիճակում է:
Իսկ ապաշրջափակման պարագայում՝ լրիվ է կորելու մեր գյուղատնտեսությունը,- ասաց նա՝ չբացառելով, որ երկրում փողի առկայությունը ոչ միայն ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքն է, այլև հարևան երկրներից ինչ-ինչ ճանապարհներով մտնող հոսք,- Շատ հնարավոր է, որ հենց մեր կողքի հարևաններից է այստեղ անօրինական կերպով փող մտնում: Սա այստեղ ապրողի համար կարծեք թե վատ չէ:
Ռիսկն այն է, որ այս տեղամասը կարող է միանգամից դատարկվել ֆինանսական առումով. այս պահին թվացյալ լավը ժամանակավոր է, և ինքներս նոր արժեքներ չստեղծելով՝ չենք կարող մտածել առաջընթացի մասին»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վահան Քերոբյանը նաև վստահեցրել էր, թե տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը ՀՀ-ին կտա ՀՆԱ-ի 30% աճ: