Ընդդիմադիր հայացքներ ունեցող ռեժիսորներն իշխանության «սև ցուցակում» են՝ զրկված են պետական ֆինանսավորումից

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանն ահազանգում է՝ Հայաստանում մի խումբ կինոռեժիսորներ իրենց ընդդիմադիր հայացքների համար արժանացել են իշխանությունների սահմանած պատժին. Չեն կարողանում ֆինանսավորում ստանալ իրենց նախագծերի համար։

168.am հետ զրույցում մանրամասնելով խնդիրն ու դրա պատճառները, Հովհաննես Գալստյանն ասաց, որ հրապարակավ դիմել է ԿԳՄՍ նախարարությանը՝ հանդիպում պահանջել, որպեսզի բոլոր խնդիրները ներկայացնի։

«Նախ, ԿԳՄՍ նախարարությունը չի հրապարակում վիճակագրություն՝ պետական ֆինանսավորում ստացած ֆիլմերի մասով։ Մեր պահանջն այն է, որ նախարարությունը հրապարակի 2018 թվականից մինչ օրս ֆինանսավորում ստացած ֆիլմարտադրողների անունները և ֆինանսավորման չափը։ Երբ հրապարակվի այդ ցանկը, դուք կտեսնեք, որ ֆիլմարտադրողներն ու նույն պրոդյուսերները 6-7 նախագիծ, որոնց համար ֆինանսավորվել են, զուգահեռ ֆինանսավորվել են նաև անավարտ նախագծերի համար, այսինքն՝ այդ գումարները կախվել են օդում։

Ինքս՝ որպես ֆիլմարտադրող, անցել եմ մի դաժանագույն պատմության միջով, երբ իմ մի ֆիլմի ֆինանսավորումը կասեցրել են, ասել են, թե ես նախորդ ֆիլմը չեմ ավարտել։ Ես ավարտել եմ այդ նախագիծը, բայց միևնույն է, չկա ֆինանսավորում, մենք 6 տարի է՝ զրկված ենք պետությանը դիմելու հնարավորությունից։ Հիմա նախարարությունում կա մի աշխատակից, որ 2015 թվականից ստացել է ֆինանսավորում մի ֆիլմի համար, որը չի ավարտել։

Կարդացեք նաև

Յուրաքանչյուրին թիրախավորված են ընտրում և, իհարկե, քաղաքական հայացքները հաշվի առնելով։

Մենք առաջարկել էինք նաև հանդիպում ֆիլմարտադրողների ֆեդերացիայի հետ, բայց մեզ պատասխանել էին, որ իրենք բոլորի հետ արդեն հանդիպել են և այլևս հանդիպելու իմաստ չկա։ Մենք այդ հանդիպմանը մասնակցելու հրավեր չենք ստացել»,- նշեց Հովհաննես Գալստյանը։

Կինոռեժիսորի փոխանցմամբ՝ ֆիլմարտադրողների ֆեդերացիայում կան մեկ տասնյակից ավելի ֆիլմարտադրողներ, որոնք հայտնվել են  «սև ցուցակում»՝ պետական ֆինանսավորում ուղղակի չեն ստանում, մշտապես դիմում են, սակայն մերժվում են։

Հովհաննես Գալստյանը հիշեցրեց, որ 2021 թվականին ԱԺ-ն  ընդունել է «Կինոյի մասին» օրենքը, որով ենթադրվում է Հայաստանի Կինոկենտրոնի լուծարում և հիմնադրամի ստեղծում։

«Մենք սպասում էինք, որ աշխատաձևը կփոխվի, ղեկավարությունը կփոխվի, մենք մեր նկատառումները կհայտնենք, կսկսենք աշխատել։ Հիմա տեսեք՝ ի՞նչ են անում: Ասում են՝ մենք նոր հիմնադրամ չենք ստեղծում, ընդամենը փոխում ենք ՊՈԱԿ-ի իրավակազմակերպչական ստատուսը։ Ես իրատես մարդ եմ և հասկանում եմ, որ սրանց հետ պայքարելն անիմաստ է, բայց նաև համարում եմ, որ չի կարելի լուռ նստել, հնարավոր բոլոր միջոցներով այս մասին պետք է բարձրաձայնել։  Պատմության մեջ չի եղել մի իշխանություն, որը հավերժ է,  և չեն եղել այնպիսի պատեր, որոնք ճաքեր չեն տալիս։ Այս մարդիկ 6 տարի կինոյի կառավարումը Հայաստանում ուղղակի տապալել են։

Այս իշխանությունների համար դու կա՛մ պետք է լինես իշխանական, կա՛մ ձայն չհանես, կամ էլ հիմա նոր բրենդ է դարձել, որ Հայաստանից ահռելի գումարներ հանում են դուրս, այսինքն՝ փոքր մասով մասնակցում են օտարերկրյա ֆիլմարտադրողների ֆիլմերին։ Կա հստակ նպատակադրում՝ հայկական խաղարկային ֆիլմարտադրությունը չեզոքացնելու, զրոյի հասցնելու քաղաքականություն»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Կինոռեժիսորը նաև հայտնեց, որ  պետական աջակցություն ստանում են այն դոկումենտալ ֆիլմերը, որոնք ակտուալ չեն, եթե, օրինակ, աջակցեին Արցախի Հանրապետության վերաբերյալ դոկումենտալ ֆիլմի ստեղծման աշխատանքներին, ապա դա ընդունելի ու հասկանալի կլիներ։ Իսկ խաղաղարկային ֆիլմ ուղղակի գոյություն չունի, այդ պատճառով էլ վերջին 6 տարում Հայաստանը չկա միջազգային խոշոր փառատոներում։

Հովհաննես Գալստյանը նաև հիշեցրեց պետական ֆինանսավորմամբ նկարահանվող «Մել» ֆիլմը՝ ծանրորդ Մելինե Դալուզյանի մասին, որը, ի դեպ, առ այսօր  որևէ տեղ չի ցուցադրվել, համենայն դեպս նման տեղեկություն չի հրապարակվել։

««Տատիկիս վարսերը» մեր ֆիլմի գումարը կասեցրել ու տվել էին «Մել» ֆիլմին, չպետք է դա անեին ազգային ֆիլմի հաշվին՝ փակելով այն։ Երբ մենք բողոքեցինք, Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ ու ասաց, որ «Մել» ֆիլմը վերցնում է իր անձնական հովանու ներքո։ 20 մլն դրամ պետական բյուջեից գումար տվեցին, ու արդյունքը չկա։

Այս իշխանությունն ամբողջ պետական համակարգով ընկած է մի քանի ռեժիսորի հետևից, քանի որ  չեն կիսում իրենց քաղաքական հայացքները։ Սա տեղի է ունենում մի երկրում, որն իբր թե հանդես է գալիս ժողովրդավարության դիրքերից։

ԿԳՄՍ փոխնախարարը, որ Ֆրանսիայից էր այստեղ եկել ու նշանակվել փոխնախարար, ենթադրում էինք, որ նա շփված կլինի միջազգային ստանդարտների հետ՝ ոլորտը ղեկավարելու, բայց ոչ։

Հասարակությանը չի հետաքրքրում կինոյի խնդիրները, հասարակությունն ուզում է կինո տեսնել, ինչը մենք պետք է անենք»,- եզրափակեց Հովհաննես Գալստյանը։

Տեսանյութեր

Լրահոս