«Դուք ոչ ոք եք. Հայաստանն ընդունել եք՝ որպես տնվոր, և պետք է հանձնեք հաջորդ իշխանությանը». Հովհաննես Գալստյան

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ Խորհուրդը բաց նամակ է հրապարակել՝ Ազգային կինոկենտրոնի կողմից ֆիլմերի ֆինանսավորման 2024թ. տարեկան բյուջեն ամբողջությամբ մսխելու և այդ պատճառով՝ տարեկան երկրորդ մրցույթի չեղարկման հետևանքների մասին։ Բաց նամակի հասցեատերերն են Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Բաց նամակում մասնավորապես նշվում է, որ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը, խախտելով իր կանոնակարգը, 2024թ. հունվարին, ֆիլմերի ֆինանսավորման առաջին մրցույթով, ծախսել է ՀՀ պետական բյուջեով 2024թ. ֆիլմերի արտադրության համար նախատեսված ամբողջ գումարը։ Ընդգծվում է, որ Կինոկենտրոնը պայմանագրեր է կնքել մեկ տասնյակից ավելի կինոարտադրողների հետ, ստանձնելով նրանց՝ թվով 12 կինոնախագծերի ֆինանսավորման պարտավորություններ, արդեն 2025թ. նախատեսվող բյուջետային միջոցների հաշվին։

168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը նշեց, որ շարունակում է մնալ ընդդիմադիր, բայց կինոյի ոլորտում բարեփոխումներ անելու հարցում համագործակցում է ԿԳՄՍ նախարարության հետ:

Կարդացեք նաև

«Մենք մասշտաբային արշավ ենք սկսել կինոյում բարեփոխումներ անելու համար, և մեր հիմնական գործընկերն իշխանություններն են՝ ԿԳՄՍ նախարարությունը, որովհետև կինոյի կլանը Հայաստանում շատ հին է, շատ հղկված, տարբեր քողածածկույթներով ծածկված: Տարբեր միջոցներով նրանք միշտ սողոսկում են իշխանության ամենաբարձր օղակներ և կարողանում վերահսկել ֆիլմերին տրվող ամբողջ ֆինանսավորումը: Բայց իրավիճակը փոխվել է, որովհետև Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան է հայտնվել, որտեղ հավաքված են պրոֆեսիոնալներ, որոնք գիտեն կինոարտադրությունը ներսից և կարողացել են ապացուցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, որ եթե աշխարհում ամենաշահութաբեր ոլորտը՝ կինոարտադրությունը, Հայաստանում ոչ միայն շահութաբեր չէ, այլև անհույս դոտացիոն ոլորտ է, նշանակում է մեկ բան՝ չափազանց վատ կառավարում: Մեզ հրավիրել են երկխոսության, որպեսզի մենք օգնենք, որովհետև ցույց ենք տալիս, թե ինչ պետք է անել՝ շատ կարճ ժամանակահատվածում կինոարտադրության մեջ իրավիճակը փոխելու համար»,- ասաց նա:

Կինոռեժիսորը չի հիշում դեպք, որ ֆոնդն իր պլանով նախատեսված մրցույթը չեղարկի, քանի որ նախորդ մրցույթով տարեկան բյուջեն ամբողջությամբ վատնել է.

«Յուրաքանչյուր տված դրամաշնորհի հետևում ես տեսնում եմ այդ կապերը, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ Կինոկենտրոնը շահ ունի այդտեղ: Ես կարող եմ կասկածներ հայտնել, որ հասկանալով՝ իրենք այլևս չեն տնօրինելու պետական ֆինանսները, իրենք այդ գումարները տվել են այն արտադրողներին, որոնց հետ երկարատև փոխհամագործակցության խնդիր ունեն:

Օրինակ, կա մի պրոդյուսեր, որը նախորդ 6 տարում 8 անգամ ֆինանսավորվել է՝ 8 տարբեր նախագծերի համար: Անուններ դեռ չենք տալիս: Նախարարությունը հիմա համագործակցում է մեզ հետ, և եթե հիմքեր ունեմ պնդելու, որ նախկինում մեզ հետ չհամագործակցելը քաղաքական որոշում էր՝ կապված իմ՝ որպես ֆեդերացիայի խորհրդի նախագահի, ընդգծված քաղաքական և քաղաքացիական դիրքորոշման հետ, հիմա նախարարը հավաստիացրել է, որ նման արգելք չկա, և ուզում են համագործակցել՝ ի նպաստ հայկական կինոյի զարգացման»:

Անդրադառնալով «Սրբազան շարժմանը»՝ նա նշեց, որ իշխանության դեմ ցանկացած շարժում պահանջում է ժամանակ և ռազմավարություն, համբերություն և ճնշում. «Այս շարժումն ունեցավ պիկ, որը, ցավոք, Բագրատ Սրբազանը, չլինելով քաղաքական դեմք, չօգտագործեց հավուր պատշաճի. Դա մայիսի 9-ն էր, երբ բոլորս հասկացանք, որ առաջին ակտն ավարտվեց, և երկրորդ ակտով պետք է իշխանությունները գնային բանակցությունների:

Մի հետաքրքիր բան կասեմ՝ ընդդիմությունը թող ականջին օղ անի. երբ մշակույթի նախարարության օգնությամբ կկարողանանք կազմաքանդել կինոյի հնացած կլանը և կինոյում բերել նոր օրենքներ, ես ընդդիմության հետ կկիսվեմ՝ ինչպես պետք է համագործակցել իշխանության հետ՝ նպատակին հասնելու և Հայաստանը բարեփոխելու համար: Մենք մեր մասնագիտական ոլորտում անխոցելի փաստարկներ ենք բերում, նախարարությունը հետ չի կանգնի, հասկանում է, որ բացառիկ շանս ունի կարգավորելու գոնե մեկ ոլորտ՝ կինոարտադրության ոլորտը, և ցույց տալու հասարակությանը, որ իր անհավանական ընկած ռեյտինգը կարողանում է բարձրացնել:

Ես ընդդիմությանն էլ եմ ասում, իշխանությանն էլ եմ ասում՝ եթե անհրաժեշտ է, որ մշակութային գործիչները լինեն ձեր արանքում, մենք ինչ-որ բաներից կկտրվենք, կլինենք ձեր արանքում: Հայաստանը չի կարող տոտալ անկումներ գրանցել բոլոր ոլորտներում, որովհետև ընդդիմության այս հատվածը և իշխանության այս հատվածը համագործակցում են իրար հետ տակից և չունեն իրար հետ, կամ ընդհանրապես իրար տանել չեն կարողանում: Դուք ո՞վ եք, դուք ոչ ոք եք, դուք Հայաստանն ընդունել եք՝ որպես տնվոր, և պետք է հանձնեք հաջորդ իշխանությանը: Դուք ո՞վ եք, որ հասարակությունը տուժի դրանից»:

Դիտարկմանը՝ տարբեր շրջանակներ գուցե նշեն, որ Հովհաննես Գալստյանը համագործակցում է իշխանությունների հետ, և միգուցե փոխել է իր դիրքորոշումը Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, նա արձագանքեց.

«Նախ՝ ես ոչ մի գնահատականից չեմ վախենում, երկրորդ՝ հիմնավոր փաստարկ ունեմ՝ կինոյի տրվող պետական բյուջեն համալրվում է հարկատուների միջոցներից: Իշխանությունն ընդամենը տնօրինում է այդ բյուջեն, և մենք հիմա մահակով պահանջում ենք իշխանությունից այնպես բաշխել այդ բյուջեն, որը բխում է հարկատուների շահերից: Ես 6 տարի անհավանական կոնֆրոնտացիա եմ ունեցել, իմ մասնագիտական կարիերան խափանվել է՝ իշխանությանը դեմ գնալու շնորհիվ: Ինձ բացահայտ հայտարարել են՝ պարոն Գալստյան, Ձեր ֆիլմը կասեցվեց, որովհետև Դուք հեղափոխությանը չաջակցեցիք: Ես այսօր էլ չեմ աջակցում հեղափոխությանը և իշխանությանը, բայց իմ ֆիլմին պետք է աջակցեք: Եթե իմ ֆիլմին աջակցեն, ես ընդդիմության հետ կկիսվեմ իմ ռազմավարական գաղտնիքներով՝ ինչ փաստարկներ պետք է դնել իշխանության առաջ, որպեսզի իշխանությունը տեղի տա, և ոլորտ առ ոլորտ փոփոխություններով գնանք առաջ»:

Կինոռեժիսորը նշեց, որ այս պահին աշխատում է «Վերա» ֆիլմի վրա, որն արցախյան բլոկադայի ընթացքում տեղի ունեցած մի սարսափազդու դեպքի մասին է, երբ 2023 թվականի հուլիսի 7-ին, Արցախի շրջափակման 206-րդ օրը Աղաբեկալանջ գյուղի բնակչուհին երկու երեխաներին տանը միայնակ էր թողել ու ոտքով գնացել Մարտակերտ քաղաք՝ սնունդ հայթայթելու նպատակով, իսկ մի քանի ժամ անց երբ վերադարձել էր, երեխաներին մահացած էր գտել մեքենայի մեջ:

Ըստ Գալստյանի՝ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը չի նպաստում հայկական կինոարտադրության զարգացմանը. «Ես ուզում էի ֆլեշմոբ անել, որ՝ Քևին Սփեյսի, դու հոյակապ դերասան ես, բայց քեզ Հայաստան հրավիրելու գումարը գողացված է իմ «Վերա» ֆիլմից, որովհետև պետությունն ասում է՝ բյուջեում գումար չունեմ «Վերա» ֆիլմի համար, իսկ Սփեյսիին Հայաստան հրավիրելու համար՝ ունի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս