«Փաշինյանն արդեն իր թիմակիցներից է վրեժ լուծում. նա վտանգավոր է և ունի հոգեբանի կարիք». Հովհաննես Գալստյան 

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանն այն կարծիքին է, որ հայ հասարակությունը պետք է փոխի իշխանություններին, որոնք կարող են ազդել Արցախում ընթացող պրոցեսների վրա, բայց չեն ազդում:

«Պետք են գործողություններ, ոչ թե՝ իմիտացիա: Ես նաև կինոսցենարիստ եմ, և ի սկզբանե տապալված սցենար է, երբ դուք գրում եք, որ հերոսն ի սկզբանե մտածում է, որ կգնա վրեժ կլուծի, հերոսը պետք է գնա և վրեժ լուծի: Դրամատուրգիան ենթադրում է գործողություն, ոչ թե մտադրություններ: Հայաստանը պետք է գործողությունների դիմի: Ամեն բանակցային փուլից առաջ Ադրբեջանը դիմում է հերթական գործողության՝ փակում է միջանցքը, թույլ չի տալիս, որ հիվանդներին տեղափոխեն, իսկ Հայաստանում անգամ մտադրություններ չկան: Դրա համար, այս իրավիճակի վրա ազդելու համար հայ հասարակությունը պետք է փոխի այն իշխանությանը, որհ տապալել է ամեն ինչ. կախվածություն ունեցող խաղաղադրույք անողի նման ամեն ինչ դրել է սեղանի վրա և ամեն ինչ տանուլ է տվել, հիմա արդեն խաղասեղանին դնում է մեր ապագան, չունեցող բաները, որոնք իրեն չեն պատկանում, դնում է հայ ժողովրդի շահը, ազգային շահը, այսինքն՝ բաներ, որ շոշափելի չեն, բայց դրանք հետ բերելն անհնար է, և դա անում է՝ պարտվելով, որովհետև անհուսալի խաղացող է: Դրա համար թիվ մեկ խնդիրն է՝ փոխել իշխանություններին»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Կինոռեժիսորի խոսքով՝ ԱԺ-ում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին Փաշինյանի ելույթը բեմադրություն էր, որին անգամ իշխանությունները չեն հավատում. «Հայ հասարակությունը երբեք չի գնացել այս կարգի մարգինալիզացման, իշխանությունը երբեք չի եղել այս կարգի կտրված հասարակությունից և իրականությունից: Իշխանությունն այլևս Հայաստանում մարգինալ է, լուսանցքում է, միանգամայն մենակ է և քշված է անկյուն, բայց ունի լծակներ, որոնք ունի ցանկացած իշխանություն, և ինչքան մղված է անկյուն, այնքան իր լծակների կիրառումը լինելու է բիրտ, անուղեղ և դաժան: Իշխանությունը չի վայելում անգամ այն հատվածի վստահությունը, որը վայելում էր, որովհետև վճարում էր այդ հատվածին. բոլորը հասկանում են, որ հատուցումը լինելու է շատ դաժան, ու ինչ-որ պահի պետք է ունենան հետքայլի հնարավորություններ, որպեսզի երբ ամեն ինչ սկսի փլուզվել, ձերբազատվեն այս իշխանությունից և փորձեն անձնական ֆիզիկական գոյության համար նախադրյալներ ստեղծել, դրա համար հիմա շատ վտանգավոր փուլ է»:

Հովհաննես Գալստյանը նշեց, որ, եթե Նիկոլ Փաշինյանը քննիչ հանձնաժողովի ելույթն աբսուրդի ժանրի է հասցրել, ապա ճիշտ կլիներ ասեր, որ ինքն էլ է Արծրուն Հովհաննիսյանին լսել և մտածել, թե հաղթում ենք:

Կարդացեք նաև

«Պատ ճաքող ցինիզմ է: Եթե գերագույն գլխավոր հրամանատար ես, երկու կողմից քեզ հակասական տեղեկություններ են հաղորդում, որո՞նք պետք է լինեն քո քայլերը: Իրեն ամենապարզ բանն եմ հուշում, մեկ է՝ պողոսները կհավատան՝ թող գցի Արծրուն Հովհաննիսյանի գրպանը, ասի՝ ես չէի կարող չհավատալ ՊՆ հատուկ ներկայացուցչին: Արդեն թող լրիվ աբսուրդի անցնի, էլի»,- ասաց նա՝ շեշտելով՝ բոլորի ակնկալիքը մեկն է՝ գործող իշխանության ավարտը:

Հովհաննես Գալստյանի տպավորությամբ՝ Նիկոլ Փաշինյանը մտել է տոտալ վրեժի դաշտ. «Նա ասում է՝ իմ հետ տեղի են ունեցել այսպիսի բաներ, բոլորիդ հետ պետք է տեղի ունենան այսպիսի բաներ: Այս մարդը վտանգավոր է արդեն: Չի՛ կարելի: Այստեղ հոգեբանի կարիք կա: Պետք է այդ մարդուն ռեաբիլիտացիայի ենթարկել, հանել ներքին ապրումների համար վրեժխնդրության զգացումից: Չի՛ կարելի հասարակությանը տանջել, որովհետև դու քո ճանապարհին ունեցել ես այդպիսի բաներ: Հիմա էլ իր թիմակիցներից է վրեժ լուծում, ասում է՝ ինձ հետ պետք է պատասխան տաք, միայն ես չեմ պատասխանատուն, բոլորդ կգնաք՝ կնստեք, բոլորդ մեղավոր եք: Այո, բոլորս մեղավոր ենք, որ դուք դեռ իշխանության եք»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս