Ադրբեջանական գազը քաղաքական գազ է. այսօր կտան, վաղը կփակեն ու կպայթեցնեն ՀՀ տնտեսությունը. ռուսական գազից հրաժարվելը կատաստրոֆիկ հետևանքներ է ունենալու. Հրանտ Բագրատյան

«Գործող գազամուղով մենք Ռուսաստանից կարող ենք ստանալ 2.5-3 միլիարդ խմ գազ: Այսօր ստանում ենք տարեկան մինչև 2 միլիարդ: Ռուսաստանը մեզ գազ վաճառում է խմ-ի համար 165 դոլար գնով սահմանին: Ադրբեջանից գազ կարող ենք ստանալ մի քանի պայմանով՝ 50 կմ գազամուղ պիտի կառուցի Հայաստանը։ Շատ գազ չի կարող տալ Ադրբեջանը, որովհետև Հայաստանին գազ տալ՝ նշանակում է կտրել Եվրոպայից, ինչը Եվրոպան թույլ չի տալու։ Կես միլիարդից ավելի չենք կարող ստանալ: Ադրբեջանի գազը մինչև 2035թ. պատվիրակված է: Ադրբեջանի գազը որ գա, գալու է առնվազն 650 դոլար գնով, բայց Ադրբեջանը մեզ 4-5 անգամ թանկ կտա, քանի որ արտահերթ է տալու: Եվ վերջապես՝ ադրբեջանական գազը քաղաքական գազ է, որովհետև եթե նա մեզ գազ է տալիս, ցանկացած պահի կարող է և չտալ, և Հայաստանի տնտեսությունը կկանգնի»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում, 168.am-ի եթերում ասաց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով ռուսական գազից հրաժարվելու, ադրբեջանական գազի ու իրանական գազատարի խնդիրներին:

Ինչ վերաբերում է իրանական գազին, Հրանտ Բագրատյանն ասաց՝ իրանական գազատարի կառուցումն իրենց իշխանության գաղափարն է եղել, ինքը՝ որպես ՀՀ վարչապետ, ՌԴ վարչապետ Չեռնոմիրդինին համոզել է, որ այդ գազատարն այլընտրանքային է ու անհրաժեշտություն, ՀՀ անվտանգության խնդիրն է դրված, որովհետև օրինակ, ռուսական գազատարը տարվա ընթացքում 43 անգամ Վրաստանի հատվածում պայթեցրել է Ադրբեջանը:

«Իրանական գազամուղը, դժբախտաբար, մի քիչ ավելի նեղ խողովակով է կառուցված: Նրանով կարելի է ստանալ մաքսիմում մինչև 1 միլիարդ խմ գազ: Մատակարարվող գազի ծավալը կախված է ոչ միայն խողովակի լայնությունից, այլև թե ճանապարհին քանի կոմպրեսորային կայան կա, որ ճնշումն ապահովի: Այսօր Հայաստանն Իրանից ստանում է ռուսական գազի մոտ 10-15 %-ը: Շատ-շատ կարող է հասնել 30%-ի»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Ըստ նրա՝ ռուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար ունենալու է կատաստրոֆիկ հետևանքներ:

Կարդացեք նաև

«Մենք ռուսական գազի ալտերնատիվն այս պահին չունենք: Կարող է լինել, եթե իրանական գազի խողովակը 2 անգամ լայնացնենք ու մի քանի հարյուր միլիոն դոլար ներդնենք՝ գազամուղի ճամփին կոմպրեսորային կայաններ կառուցելու համար: Իրանական գազն իր պաշարներով աշխարհում երկրորդն է, բայց այն ունի առանձնահատկություն. Մեծ պաշարներով մի տեղում չի գտնվում, շատ դժվար է իրանական գազամուղից այն հանելը»,- ասաց ՀՀ նախկին վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս