Որտե՞ղ է կես տարի առաջ հայտնաբերված 1 տոննա թմրանյութը. կինոն նկարվեց, շոուն արվեց, իսկ որտե՞ղ է կործանարար թույնը
Այս տարվա մայիսի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդագրություն տարածեց, որ ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում 2023 թ. մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստան է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն եվրո արժողության), որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:
Ավելի ուշ պաշտոնական տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ թմրանյութը ներկրվել է «Մրգենի» ՍՊ ընկերության կողմից, իսկ ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետ Մ.Ղ.-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցվեց:
Եվ քանի որ «Մրգենի» ընկերությունը կապվում էր ԴԱՀԿ նախկին պետ, ներկայումս ՌԴ-ում գտնվող Միհրան Պողոսյանի անվան հետ, Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չթողեց հերթական անգամ ուղղորդել քննությունն ու Ազգային ժողովում (ԱԺ) հայտարարել՝ «Այդ կոկաինը 1 տոննա, կարծես թե դրա հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերությունն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է, այժմ հետախուզման մեջ գտնվող և, եթե չեմ սխալվում, Հանրապետական կուսակցության անդամ է, խմբակցության անդամ»:
Միհրան Պողոսյանն ավելի ուշ հայտարարություն տարածեց, որով տեղեկացրեց, որ ինքն է ԱԱԾ տնօրենին տեղեկացրել, որ կոնտեյների մեջ բանանի փոխարեն՝ կոկաին է: Մայիսի 27-ին Միհրան Պողոսյանը լրատվամիջոցներին փոխանցեց մի տեսաուղերձ, որում խոսում է Հայաստան ներկրված բանանի արկղերում հայտնաբերված մեկ տոննա կոկաինի մասին:
Տեսաուղերձում ԴԱՀԿ նախկին պետը պատմում է «Մրգենի» ընկերության ստեղծման ու դրան իր առնչության մասին, նշում, որ տնօրեն Լևոն Աթանյանը որևէ ֆունկցիոնալ առնչություն չի ունեցել կազմակերպությանը: Ընկերության աշխատանքները, ըստ Միհրան Պողոսյանի, կազմակերպել և իրականացրել է ինքը:
ԴԱՀԿ նախկին պետն ասել էր նաև, որ մայիսի 13-ին ինքն է զանգահարել ԱԱԾ տնօրենի ընդունարան, օգնականին խնդրել ապահովել իր և ԱԱԾ տնօրենի կապը, որը մնացել է անարդյունք։
«Կարճ ժամանակ անց զանգահարել եմ ԱԱԾ տնօրենի բջջային հեռախոսահամարին, որը ևս անարդյունք է մնացել։ Այնուհետև ձայնային հաղորդակցություն եմ ուղարկել, որում բացատրել եմ ստեղծված իրավիճակը և խնդրել եմ անհապաղ իրականացնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ պահպանելով մեր աշխատակիցների անվտանգությունը և գաղտնիությունը: Ձայնային հաղորդակցությունը ուղարկելուց քիչ անց ԱԱԾ տնօրենը զանգահարել է ինձ։ Զրույցի ընթացքում մեկ անգամ ևս հանգամանորեն ներկայացրել եմ իրավիճակը և իմ պատրաստակամությունը տրամադրել ամբողջ ինֆորմացիան, որին տիրապետում եմ։ Կարճ ժամանակ անց ԱԱԾ աշխատակիցները արդեն պահեստում առգրավում են տարօրինակ զանգվածով թվով 42 բանանի արկղերը։ Այդ ամենը կշռվում և ֆիքսվում է ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Դա լինում է 1004 կգ»,- հայտարարել էր Միհրան Պողոսյանը:
Մայիսի 29-ին Միհրան Պողոսյանը նաև տեսանյութ հրապարակեց՝ ինչպես է հայտնաբերվել այդ 1 տոննա թմրանյութը:
Դրանից հետո՝ մայիսի 30-ին, ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ 1 տոննա թմրանյութի գործով Միհրան Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Հարուցվել էր քրեական հետապնդում, Միհրան Պողոսյանի նկատմամբ՝ հայտարարվել հետախուզում:
Վարույթը հարուցվելուց 6 ամիս անց 168.am-ը գրավոր հարցում ուղարկեց ՀՀ ԱԱԾ՝ ցանկանալով ստանալ հետևյալ հարցերի պատասխանները՝
1. Որտե՞ղ է հայտնաբերված թմրանյութը, եթե ոչնչացվել է, ե՞րբ և ինչպե՞ս, ովքե՞ր են մասնակցել ոչնչացմանը:
2. Նշված քրեական վարույթով քանի՞ անձ ունի մեղադրյալի կարգավիճակ, քանի՞սն են կալանավորված:
3. Արդյո՞ք ԱԱԾ-ն ստույգ պարզել է՝ սահմանային որ անցակետով է մաքսանենգ թմրանյութը մտել Հայաստան: Եթե այո, ի՞նչ կարգավիճակ ունի նշված սահմանային անցակետի ղեկավարը:
4. Արդյո՞ք նշված վարույթով հարցաքննվել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: Ի՞նչ կարգավիճակ ունի վերջինս:
5. Քննությամբ պարզվե՞լ է արդյոք՝ ինչպես կարող էր 1 տոննա թմրանյութը հասնել Երևան, ու դրա մասին որևէ պաշտոնատար անձ տեղյակ չլիներ:
6. Քննությամբ պարզվե՞լ է արդյոք՝ ով է 1 տոննա թմրանյութի պատվիրատուն, ո՞ր ընկերությունը կամ ֆիզիկական անձն է նշված խմբաքանակի շահառուն:
Ինչպես և ակնկալում էինք, ԱԱԾ-ից ստացանք շատ «բովանդակալից» պատասխան:
«…Հայտնում ենք, որ խմբի կազմում նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու առերևույթ հանցանքների դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթը գտնվում է նախաքննության փուլում: Հարցման մեջ նշված մյուս տեղեկությունները հանդիսանում են քրեական վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տվյալներ և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ չեն կարող տրամադրվել»:
Փաստացի ԱԱԾ-ն հրաժարվել է պատասխանել մեր և, վստահ ենք, ՀՀ բազմաթիվ քաղաքացիների հուզող հարցերին: Տպավորություն է, որ չեն էլ կարդացել, այլապես, օրինակ, ի՞նչ նախաքննական գաղտնիք կարող էր պարունակել «քանի՞ անձ ունի մեղադրյալի կարգավիճակ, քանի՞սն են կալանավորված» հարցի պատասխանը, կամ թե ի՞նչ ճակատագրի է արժանացել հայտնաբերված թմրանյութը, ոչնչացվե՞լ է արդյոք, թե՞ ոչ:
1 տոննա թմրանյութը մեկ գրամ չէր, և եթե մայրցամաքից մայրցամաք այն գալիս-հասնում է Հայաստան, նշանակում է՝ այն ունի պատվիրատու/ներ, հստակ լոգիստիկ պատասխանատուներ ու անհամար սպառողներ: Եվ բնական է, որ ՀՀ քաղաքացիներին հետաքրքրում է այդ գործի ճակատագիրը, հատկապես, երբ թմրանյութերի վաճառքի բիզնեսը ծաղկում է նիկոլական Հայաստանում:
1 տոննա թմրանյութի հայտնաբերման դեպքն առաջինը չէ Հայաստանի Հանրապետությունում:
2014 թ. հունվարի 17-ին Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչությունը Մեղրիի մաքսակետում հայտնաբերել էր 928 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոց, ինչն աննախադեպ քանակ էր ոչ միայն Հայաստանի մաքսային ծառայության ողջ գործունեության ընթացքում, այլև տարածաշրջանում: Մոտ 1 տոննա հերոինը փորձ էր արվել փոխադրել բեռնատարի միջոցով, ինչի նկատմամբ դեռևս 2013-ի դեկտեմբերի 27-ից էր հսկողություն սահմանվել Նախաբացթողումային հսկողության վարչության կողմից, երբ տարանցիկ փոխադրմամբ Վրաստանից Իրան այդ մեքենայով փայտանյութ էին տեղափոխել: 2014-ի հունվարի 17-ին, ժամը 19-ի սահմաններում, բեռնատարին ամրակցված կցորդի հատակային մասում հայտնաբերված հատուկ հարմարեցված թաքստոցներից դուրս էր բերվել «հերոին» տեսակի թմրամիջոցով լցված 47 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 927,6 կիլոգրամ:
ՀՀ վերաքննիչ դատարանի` 20.05.2015թ. որոշումն ուժի մեջ մտնելուց հետո «հերոին» տեսակի թմրամիջոցը այրման միջոցով ոչնչացվել էր հունիսի 6-ին` Արարատի ցեմենտի գործարանի վառարանում:
168.am-ը հետամուտ է լինելու այս գործով. փաստենք, որ փաստորեն նախկին իշխանությունների ղեկավարած, այսպես ասած՝ հին Հայաստանում 1 տոննա թմրանյութն այրվում էր, դրա մասին հայտարարվում էր, իսկ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «նոր Հայաստանում» «1 տոննա թմրանյութի» գործը փորձում են հնարավորինս մոռացության տալ, պարուրել գաղտնիության շղարշով:
Կարևորը՝ կինոն նկարահանվեց, և դրանով PR-վեցին իշխանությունները, մնացյալը կարևոր չէ: