ՀՀ-ն հանձնառու է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ միջազգայնորեն հայտնի սկզբունքների հիման վրա. Արարատ Միրզոյանը՝ ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցեր։ Վկայակոչելով այն, որ ԵԱՀԿ-ն մնում է տարածաշրջանային անվտանգության հարցերով ամենամեծ կազմակերպությունը՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ այն պետք կարողանա իրականացնել իր առջև դրված մանդատը և կազմակերպության տարածքում ապահովել արագ արձագանքման մեխանիզմների հավասարապես կիրառումը։
Անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային հարցերին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանը, խախտելով ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները, ոչ միայն Լեռնային Ղարաբաղը ենթարկեց ամբողջական էթնիկ զտման, այլև շարունակում է հարվածի տակ դնել տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված միջազգային միջնորդների ջանքերը։
Նախարարը հավելել է, որ այսօրինակ խախտումները, տեղի ունենալով անպատժելիության մթնոլորտում, խրախուսում են ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման գործելակերպը, և միջազգային հանրությունը պետք է կրկնապատկի ջանքերն առկա մարտահրավերները հաղթահարելու համար։
Արարատ Միրզոյանը շեշտել է, որ ՀՀ-ն հանձնառու է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ միջազգայնորեն հայտնի սկզբունքների հիման վրա, այդուհանդերձ, դրական առաջընթաց գրանցելու համար, կարևոր է տարածաշրջանային բոլոր երկրների կողմից հավասարապես անկեղծ ներգրավում խաղաղության օրակարգի կյանքի կոչմանը։
Այս համատեքստում ներկայացնելով նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ դրա առավելություններից կարող են օգտվել ոչ միայն Հարավային Կովկասի, այլև ավելի լայն տարածաշրջանի երկրները։