«Իմ դռան դեմը կանգնելու համար քաղաքապետարանին տարեկան պետք է 160 հազար դրամ վճարե՞մ». ՀԱՐՑՈՒՄ
168.am-ն այսօր տեղեկացրել էր Երևանի քաղաքապետարանի քննարկման ներկայացրած «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի մասին:
Նախագծով մասնավորապես առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում ավտոկայանատեղիում կայանելու համար 1 օրվա համար վճարը սահմանել 2000 դրամ, իսկ տարեկանի դեպքում՝ 160.000 դրամ, կենտրոնից դուրս՝ 1 օրվա համար՝ 1000 դրամ, իսկ տարեկան՝ 24.000 դրամ։
Այս նախագծի առնչությամբ 168.am-ը լսել է համաքաղաքացիների տեսակետը. մեր հարցադրումներին պատասխանած բոլոր քաղաքացիներին զայրացրել էր որոշումը:
Ի դեպ, հարցվածների մեջ կային նաև վարորդներ, որոնք քաղաքապետարանի թիրախավորումից վախենալով՝ տեսախցիկի մոտ հրաժարվեցին իրենց կարծիքը հայտնել, բայց, ինչպես ասում են, կադրից դուրս՝ փոխանցեցին իրենց զայրույթը:
«Դեռևս 2018 թվականին իրենք (իշխանությունները) հնչեցնում էին կարմիր գծերը, արագաչափերը հեռացնելու մասին կարգախոսներ, սակայն այսօր փաստացի ունենք այն, որ ոչ միայն 2018 թվականի խոստումներն են սուտ, այլև քաղաքացիների կարգավիճակն է ավելի վատանում»,- նշեց մեր հայրենակիցներից մեկը՝ նկատելով, որ չի սպասում հօգուտ քաղաքացու որևէ լուծում:
«Նրանցից պրծանք, բայց սրանք ավելի ահավոր բաներ են անում»,- նշեց տաքսիստներից մեկը:
Մեկ ուրիշն էլ հավելեց. «Ի՞նչն են էժան թողնում, աղջիկ ջան, մնում է իրենք իրենց էլ թանկացնեն, ու ինձ նման թոշակառուների կյանքը ուտեն»:
Կենտրոնում ապրող մեր հայրենակիցն արձանագրեց. «Փաստորեն իմ դռան դեմը կանգնելու համար քաղաքապետարանին տարեկան պետք է 160 հազար դրամ վճարեմ, ինչի՞ համար»:
Նաև եղավ տեսակետ, որ ստիպված են հարմարվել օրենքներին, քանի որ ինչ էլ ասեն՝ մեկ է, չի լսվում:
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված նախագծի հիմնավորման համաձայն՝ դրույքաչափերի բարձրացումն ուղղված է Երևանի կենտրոնի բեռնաթափմանը:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 15:00-ին Երևանի քաղաքապետարանում տեղի կունենան նախագծի հանրային բաց լսումներ:
Մանրամասները՝ տեսանյութում