Տնտեսվարողները միլիոններ են կորցնում, նրանք հո որբի գլուխ չե՞ն, պարոն Քերոբյան. Թադևոս Ավետիսյան
Այսօր ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Վերին Լարսում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարց ուղղեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։
«Խոսքը վերաբերում է մեր տնտեսության երկու հիմնական ողնաշարային ուղղություններին, մեկն արտահանումն է, մյուսը՝ գյուղատնտեսությունը կամ գյուղատնտեսական մթերքի արտահանումը։ Տեղյակ եք թերևս, որ Լարսի անցակետը փակ է, ըստ էության այսօր այնտեղ ՀՀ արտահանողները հանդիպում են անլուծելի խնդիրների, և դա բերում է տնտեսական, սոցիալական և մի շարք այլ հետևանքներ։
Ինձանից լավ գիտեք, որ Ռուսաստանը Հայաստանի համար հիմնական ուղղությունն է արտահանման առումով։ Այդ տեսակարար կշիռն աճում է, 2022 թվականին ես վիճակագրությունը նայեցի, Ընդհանուր արտահանման մեջ դեպի Ռուսաստան արտահանումը 45,5 տոկոսն էր։ 2023 թվականին միտումը շարունակվել է որոշակի թուլացմամբ, մեր արտահանման 52 տոկոսը հունվար-սեպտեմբեր ամիսներին գնում է դեպի Ռուսաստան։ Հիմա խնդիրն առավելապես վերաբերում է Հայաստանից արտահանման որոշակի տեխնիկական կամ սանիտարահիգիենիկ կանոնների առերևույթ խախտումներին։ Եկեք պարզ խոսենք, թող հանրությունն էլ իմանա, եթե այդպես է, բա ինչո՞ւ մեր պետական մարմինները նորմալ չեն աշխատում, նորմալ չեն վերահսկում, գնում-հասնում է պետական սահմանին, այլ երկրի նույն մարմինը ԵԱՏՄ նույն նորմատիվով նայում ու ասում է՝ խնդիր է։ Փաստորեն այդ մարդիկ հասկանում են՝ այնտեղ կրելով վնասներ։ Եթե խնդիրը քաղաքական է կամ ոչ տնտեսական, ապա այդ մասին էլ պետք է ասենք, հասկանանք, որովհետև այն ապրանքները, որոնք գնում են Ռուսաստան, ըստ էության, այդ ապրանքները ողջ ծավալով մրցունակ չեն այն շուկաներում, որոնց դուք՝ որպես քաղաքական թիմ, նշում եք, երբ մարդկանց ասում եք, ենթադրենք, Ռուսաստան մի տարեք, տարեք Եվրամիություն և այլն»,- նշեց Թադևոս Ավետիսյանը։
Պատասխանելով պատգամավորի հնչեցրած վերլուծությանն ու հարցին՝ Վահան Քերոբյանն ասաց, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ նախորդ տարվա ընթացքում 35 կամ 40-ից պակաս դեպք է տեղի ունեցել, երբ ՌԴ-ի համապատասխան մարմինները բուսասանիտարական խախտումների պատճառով ՀՀ արտահանողների ապրանքը սահմանից վերադարձրել են։
«Համաձայն վիճակագրության՝ մեր պետական մարմինների աշխատանքը չի կարող համարվել վատ, որովհետև այդպիսի ցածր վիճակագրություն կա: Մեզ համար ուղղակի տարօրինակ է, որ մեկ ամբողջ տարվա մեջ 35 մեքենա է վերադարձվում, հետո 2 օրվա մեջ կրկին այդքան մեքենա է վերադարձվում, այն դեպքում, երբ մենք՝ կարգավորումների, մատակարարները՝ իրենց որակավորումների մեջ որևէ փոփոխություն չեն արել»,- ասաց Վահան Քերոբյանը՝ ընդգծելով, որ փաստաթղթերը, որոնք իրենց փոխանցել է ռուսական կողմը, ուսումնասիրվում են։
Արձագանքելով՝ պատգամավորն ասաց, որ նախարարից կոնկրետ պատասխան էր ակնկալում, ինչը չստացավ։
«Պարոն Քերոբյան, մարդիկ հարյուր հազար դոլարներ են կորցնում, իրենք մեղավոր չեն։ Մեր տնտեսվարողները հո որբի գլուխ չե՞ն, նրանք շվարած կանգնած են, նրանք ՀՀ-ն են, չէ՞, ներկայացնում»,- շեշտեց պատգամավորը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում