Մենք աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև շփումներին. Թուրքիայի պաշտպանության նախարար
Հարավային Կովկասի երկրները կարող են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները. Թուրքիան աջակցում է Երևանի և Բաքվի միջև շփումներին. այս մասին, ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, նոյեմբերի 27-ին Բաքվում հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ եռակողմ հանդիպման ժամանակ։
«Մենք վճռական ենք զարգացնելու մեր հարաբերությունները և ձգտում ենք Կովկասում կայունության: Ադրբեջանն ազատագրել է «իր հողերը օկուպացիայից»: Տարածաշրջանի երկրները կարող են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները, և որպեսզի դա ցույց տանք միջազգային հանրությանը, մենք աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև շփումներին», – ասել է թուրք նախարարը։
Նրա խոսքով, «3+2» հարթակը լավ ձևաչափ է խնդիրների խաղաղ լուծման համար:
«Հայաստանը չի կարողանում ճիշտ գնահատել ստեղծված հնարավորությունը»,- կարծիք է հայտնել Գյուլերը:
Նա նաև ասել է, որ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն: