Ժողովրդավարությունը հաճախ վտանգում է երկրի անվտանգությունը. չեմ վախենում դրա մասին ասել. ՀՀ երրորդ նախագահ
«Անկեղծ, ես չեմ կարող պատասխանել ձեր հարցին, թե այս իշխանություններն ինչպիսի քաղաքականություն են վարում։ Ինչո՞ւ, որովհետև քաղաքականություն վարել՝ նշանակում է, որ շարադասել՝ աստիճանակարգել։ Եթե ավելի պարզ ասեմ՝ գլխավորը կարևորից տարբերակել, առաջնահերթությունները նշել և այդ ուղղությամբ շարժվել»,- այս մասին դիզվառելիքի շինծու գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ իր իշխանության ժամանակ գլխավորը երկրի անվտանգությունն ապահովելն էր, իսկ հիմա չի կարող ասել, թե ո՞րն է գլխավորը։
«Եկել ու ասում են՝ ժողովրդավարություն, եթե գլխավորը ժողովրդավարությունն է, ապա արդյունքները մենք տեսնում ենք։ Եթե գլխավորը կոռուպցիայի դեմ պայքարն է, դրա արդյունքն էլ ենք տեսնում, տեսնում ենք Արցախի կորուստը, Հայաստանի տարածքների կորուստը, տեսնում ենք քաղբանտարկյալներ։
Այո, ժողովրդավարությունը շատ պարագաներում խանգարում է երկրի անվտանգությանը, չեմ վախենում դրա մասին խոսել։ Այսինքն՝ իրենք հակադրության մեջ են մտնում։ Սա չի նշանակում, որ ժողովրդավար երկիրն ավելի քիչ անվտանգ է, քան ոչ ժողովրդավարական երկրները։ Սա նշանակում է, որ մեր երկիրը ժողովրդավարության ճանապարհը… այսպես ասեմ՝ փորձում է այն ճանապարհը, որը կարող էր անցնել մեկ ժամում, անցնել 5 րոպեում, դրա համար գլորվում է»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում