ՀԱՊԿ երկրները պայքարում են իրենց քաղաքացիներին ահաբեկչական կազմակերպություններում հավաքագրելու դեմ. Պեսկով
ՀԱՊԿ անդամ պետությունները «Վարձկան» գործողության շրջանակներում համատեղ պայքարում են միջազգային ահաբեկչական կազմակերպություններում քաղաքացիների հավաքագրման դեմ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ընթանում ՀԱՊԿ անդամ երկրների՝ «Վարձկան» գործողության անցկացման աշխատանքը, Կրեմլի ներկայացուցիչն ասել է. «ՀԱՊԿ անդամ պետություններում աշխատում են հավաքագրողներ, որոնք փորձում են մեր երկրների քաղաքացիներին հավաքագրել անօրինական ահաբեկչական խմբավորումներում և կազմավորումներում այլ տարածաշրջաններում, աշխարհի այլ երկրներում: Նրանց հաջողվում է որոշ քաղաքացիների դնել այդ հանցավոր ուղու վրա»։
«ՀԱՊԿ անդամ երկրներն առաջին օրը չէ, որ համատեղ պայքարում են դրա դեմ: Ընդգծվել է այդ աշխատանքը շարունակելու քաղաքական կամքը», – հավելել է Պեսկովը: