Բաժիններ՝

Դուբլինում երեխաների դանակահարությունից հետո ցույցեր և բախումներ են տեղի ունեցել

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում նոյեմբերի 23-ի երեկոյան բախումներ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ դանակահարության հետևանքով ծանր վիրավորվել է 5-ամյա մի աղջիկ, երկու երեխա և մեկ կին ավելի թեթև վնասվածքներով հոսպիտալացվել են։ Այս մասին տեղեկանում ենք Associated Press-ի հրապարակումից։

Իռլանդիայի ոստիկանությունը հայտարարել է, որ հարձակումը տեղի է ունեցել դպրոցի դիմաց։ Տեղի ժամանակով ժամը 13։30-ին մոտ 50 տարեկան տղամարդ դանակով ծանր վնասվածքներ է հասցրել 5-ամյա աղջկան։ Լուրջ վնասվածքներ է ստացել նաև մոտ 30 տարեկան մի կին։ 5-ամյա մի տղա և 6-ամյա մի աղջիկ ավելի թեթև վնասվածքներ են ստացել։ Հարձակվողը նույնպես վիրավոր է։ Տղամարդուն կանգնեցրել են ականատեսները։

Այս հայտարարությունից հետո առնվազն 100 մարդ դուրս է եկել փողոցներ, մի մասը՝ զինված մետաղյա ձողերով և դեմքերը փակած։ Ցույցը ցրելու համար Դուբլինի կենտրոնում տեղակայվել է ավելի քան 400 ոստիկան։

Բողոքի ակցիայի մասնակիցների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել։ Ցուցարարները ճայթրուկներ են նետել ոստիկանների վրա, ոմանք հարձակման համար օգտագործել են ռեստորանների դիմաց դրված աթոռները։ Անկարգությունների ընթացքում վնասվել են ոստիկանական մեքենաներ, նաև հրդեհվել են ավտոբուս և մեքենա, կոտրվել են խանութների ապակիները։

Հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է։ Բազմաթիվ ընկերություններ իրենց աշխատակիցներին հրահանգել են նոյեմբերի 24-ին աշխատել տնից։

Իրավապահները նախ հայտարարել են, որ սա առանձին դեպք է, սակայն ավելի ուշ արված հայտարարության մեջ նշվել է, որ բոլոր վարկածները դիտարկվում են, այդ թվում՝ ահաբեկչության։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս