Կարեն Անդրեասյանը «մենամարտի» է դուրս եկել Խաչատրյան եղբայրների դեմ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը «մենամարտի» է դուրս եկել Խաչատրյան եղբայրների դեմ։ Այս անգամ հրապարակային դաս է տալիս Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին։

Երեկ կառավարության նիստին, ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն մտահոգությանը, թե ձգձգվում են կոռուպցիոն գործերով իրական արդյունքները, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հայտարարել է. «Մենք հիմա քրեական գործ ունենք՝ դատարան ուղարկված՝ մոտ 20 մլն դրամի կաշառքի դիմաց, ՊՆ-ի իրային պահեստի հրամանատարի վերաբերյալ։ Այդ քրեական գործը դատարանը վարույթ ընդունելուց հետո բոլոր մեղադրյալներին կալանքից ազատել է։ Ես ամենեւին չեմ ուզում քննարկել դատարանի որոշումը, բայց մենք ունենք իրավիճակ, երբ, որպես պրակտիկա, կալանքի տակ չգտնվելու դեպքում դատական նիստերը տարիներով ձգձգվում են. դա խնդիր է»։

Եւ, ահա, դատական դեպարտամենտը՝ ի դեմս Կարեն Անդրեասյանի, հրապարակային պատասխան է տալիս Սասուն Խաչատրյանին եւ մի բան էլ կասկածի տակ դնում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների աշխատանքը. «Խոսքն ակնհայտորեն վերաբերում է Հակակոռուպցիոն դատարանում քննվող զինվորական համազգեստների վերաբերյալ քրեական գործին, որում ներգրավված են եղել չորս մեղադրյալներ:

Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է եղել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը եւ գրավը, իսկ վերջինի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Դատարանը, հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունները, գտել է, որ ամենախիստ խափանման միջոցը՝ կալանքը, անհրաժեշտ չէ, քանի որ կիրառված համակցված խափանման միջոցները բավարար են մեղադրյալների պատշաճ վարքագիծն ապահովելու համար: Ավելին՝ նախաքննական մարմնի կողմից բավարար ապացույցներ ու հիմնավորումներ չեն ներկայացվել, որ մեղադրյալները կալանքի բացակայության դեպքում կարող են խոչընդոտել քննությանը:

Նաեւ հարկ ենք համարում ընդգծել, որ խափանման միջոցներն առհասարակ չեն պարունակում պատժիչ տարրեր, առավել եւս անթույլատրելի է խափանման միջոցի ընտրությունը դատական քննության արագացման խթան կամ քննության հետ ավելի օպերատիվ համագործակցելու մոտիվացիոն գործիք ծառայացնելը:

Եթե որեւէ դատավորի որոշում որեւէ պետական մարմին ցանկանում է կասկածի տակ դնել, ապա կա երկու եղանակ` վերադաս ատյան բողոքարկումը կամ դատավորին կարգապահական պատասխանատության ենթարկելու գործիքակազմը:

Նշված եւ այլ գործերի ձգձգման համար որևէ դատավորի վերաբերյալ կարգապահական ոչ մի վարույթ առկա չէ, ինչը վկայում է, որ չկա փաստարկված որևէ դատական սխալ, որը Հակակոռուպցիոն կոմիտեին հիմք կտար դիմել դատավորի դեմ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ:

Վերջում, որպես ամփոփում, կարևոր է ընդգծել, որ հանուն կոռուպցիայի դեմ արագ և արդյունավետ պայքարի՝ դատական իշխանությունը պատրաստ է ցանկացած քննարկման և աշխատանքային համագործակցության, որը, անշուշտ, կլինի օրինականության և դատավորների էթիկայի վարքականոնների շրջագծում: Նման աշխատանքային և հրապարակային քննարկումներում դատական իշխանությունը պատրաստ է ներկայացնել իր հիմնավորումները և մտահոգությունները թե՛ հանրությանը և թե՛ իշխանության մյուս թևերին ու անկախ մարմիններին»:

Նշենք, որ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ ԲԴԽ արդեն նախկին անդամ Դավիթ Խաչատրյանի եւ Կարեն Անդրեասյանի հարաբերությունները այնքան լարված էին, որ Դավիթ
Խաչատրյանը որոշեց լքել ԲԴԽ-ն եւ գնաց Վճռաբեկ դատարան՝ դատավոր աշխատելու»:

Տեսանյութեր

Լրահոս