Ինչպես Քյարամյանը կերավ Ատոմյանի գլուխը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նոյեմբերի 22-ին հրաման է ստորագրել, որի համաձայն՝ պաշտոնից ազատվել է Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Արտակ Առուստամյանը։ «Հրապարակ»-ի տեղեկություններով, Առուստամյանը հեռացել է սեփական դիմումի համաձայն։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրներն ասում են, որ Առուստամյանը ՔԿԾ նախկին պետ Սերգեյ Ատոմյանի մտերիմ ընկերն է եւ համակարգից դուրս գալու ցանկություն է ունեցել դեռ ամիսներ առաջ, երբ պաշտոնանկ արվեց ՔԿԾ նախկին պետ Սերգեյ Ատոմյանը։ Ասում են՝ ժամանակին Ատոմյանն է խնդրել Առուստամյանին՝ գալ իրեն տեղակալ։ Մինչ այդ Առուստամյանը բարձր պաշտոն էր զբաղեցնում Ազգային անվտանգության ծառայությունում։
«Հրապարակ»-ի հետ զրույցում Սերգեյ Ատոմյանը չհերքեց Առուստամյանի եւ իր ընկերությունը, նաեւ այն լուրերը, որ հենց ինքն էր իր տեղակալ աշխատելու առաջարկ արել ընկերոջը։ «Ես էի խնդրել, որ գա, միասին աշխատենք։ Իմ հեռանալուց հետո քրեակատարողականից դուրս գալու մասին Առուստամյանը բազմիցս խոսել է։ Ամեն դեպքում, նա իր գործի պրոֆեսիոնալն էր»,- ասաց Ատոմյանը։
Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից ազատված Սերգեյ Ատոմյանը, որ մինչ այդ էլ ԱԺ իշխանական պատգամավոր էր, օգոստոսի 5-ին պաշտոնից ազատվելուց հետո այլեւս պետական որեւէ պաշտոն չի զբաղեցրել։ Մեզ հետ զրույցում Ատոմյանն իր պաշտոնանկության պատճառների մասին խոսել չցանկացավ, միայն նշեց․ «Ինձ համար էլ է մինչեւ հիմա մութ, թե ինչն էր պատճառը։ Ես իմ գործն եմ արել»։
Իրավապահ համակարգի մեր աղբյուրներն ասում են՝ Սերգեյ Ատոմյանի ճակատագրական «սխալը» կապված է աղմկահարույց մի գործի հետ։ Պարզվում է՝ երբ ՔԿՀ են տարել Քննչական կոմիտեում ծեծի ենթարկված Արտակ Գալստյանին, ՔԿՀ-ից դիմել են Ատոմյանին եւ թույլտվություն են հարցրել` արձանագրե՞լ մեղադրյալի մարմնական վնասվածքները, թե՞ ոչ: Նա կարգադրել է արձանագրել եւ ուղարկել ԱԱԾ։
Պարզվում է՝ ՔԿ պետ Արգիշտի Քյարամյանն այդպես էլ չի կարողացել «մարսել» Ատոմյանի այս «միամտությունը» եւ որոշել է վերջինիս «գլուխն ուտել»: Նա ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հարսանիքի օրը գինովցած Փաշինյանին համոզել է, որ այս քայլով իրականում Ատոմյանն իշխանություններին «փուռն է տվել» եւ Փաշինյանի հրահանգի դեմ դուրս եկել։ Ատոմյանը պաշտոնանկ եղավ Ռուստամ Բադասյանի հարսանիքի հենց հաջորդ օրը՝ օգոստոսի 5-ին։ Ըստ երեւույթին, սա նկատի ունի Ատոմյանը, երբ ասում է՝ «իմ գործն եմ արել»։