Կառավարությունն իր ընդունած վատ որոշումը գոնե 6 ամսով պետք է հետաձգի. ավտոներկրող
Ավտոներկրողները դեմ են Կառավարության ներկայացրած և ԱԺ-ի ընդունած Հարկային օրենսգրքում նոր փոփոխություններին, որոնք ուժի մեջ են մտնում մի քանի օրից՝ դեկտեմբերի 10-ից:
Ավտոներկրողներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի մոտ։ Ըստ նրանց՝ ստացվում է, որ Կառավարությունն իր այս փոփոխություններով որոշում է, թե տնտեսվարողը որքան եկամուտ պետք է ունենա և դրանից էլ հարկեր վճարի:
«Ապրանքը մենք բերում ենք, տվյալ դեպքում՝ մեքենան, ու վաճառում ենք 300-500 դոլար ֆիքսված միջնորդավճարով, անկախ մեքենայի արժեքից՝ այդ գումարն է ավելանում մեքենայի վրա։ Կառավարության այս որոշումով ի՞նչ է ստացվում, որ մեզ ստիպում են այդ մեքենան վաճառենք ոչ թե ֆիքսված միջնորդավճարով, այլ 20 տոկոս վերադիր գանք։ Սա էլ իրենից ենթադրում է, որ մենք այդ 20 տոկոսից պետք է հարկվենք, դրանից առաջանալու է հավելյալ շահութահարկ, հավելյալ ԱԱՀ։ Մենք չենք կարող այդ ձևով վաճառել, քանի որ այդ դեպքում պայմանագրերից պետք է շեղվենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակից ավտոներկրողներից մեկը։
Ըստ նրա, եթե ֆիքսված միջնորդավճարով մեքենան կարող են ձեռք բերել 20 հազար դոլարով, ապա հարկային նոր օրենսգրքում կատարված փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո, մարդը հավելյալ 1500 դոլար է ծախսելու։
«Մեր առաջարկն այն է, որ գոնե ինչ-որ ժամանակ տան, որ ճանապարհի մեքենաները գան հասնեն, ֆիքսված միջնորդավճարով մենք դրանք վաճառենք ու այս ձևով առաջնորդվենք։ Նույնիսկ 15 տարեկան երեխան կարող է տեսնել, թե այդ մեքենան ԱՄՆ աճուրդից երբ է գնվել։ Եթե որոշումն ուժի մեջ է մտնելու դեկտեմբերի 1-ից, թող որոշման մեջ փոխեն, որ դեկտեմբերի 1-ից հետո գնված մեքենաներին է վերաբերում»,- հավելեց ավտոներկրողը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ Կառավարությունը որևէ բացատրություն չունի, թե ինչու ավտոներկրողները պետք է ապահովեն 20 տոկոս եկամուտ, տեղյակ չեն, թե ինչ հաշվարկներ են արել Կառավարությունում։
«Ինքնին օրենքը շատ վատն է, չգիտեմ՝ ինչո՞ւ է Կառավարությունը նման որոշում ընդունել, բայց այս պահին, այս փուլում մեր առաջարկն այն է, որ գոնե 6 ամսով հետաձգեն տվյալ որոշումը»,- եզրափակեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում