Ռուսը շատ վատ թշնամի է. այս հակառուսականությամբ միայն Արցախի կորստով չենք բավարարվելու. Տիգրան Քոչարյան
Նիկոլ Փաշինյանը խաչ է քաշում Հայաստանի Հանրապետության վրա. Հայաստանը դուրս հանելով ՀԱՊԿ-ից և որևէ այլ անվտանգային համակարգի մաս չդարձնելով՝ նա մեր պետությունը թողնում է մերկ վիճակում։
Իհարկե, 2018 թվականին Փաշինյանին իշխանության են բերել Արցախն Ադրբեջանին հանձնելու և Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում վերացնելու համար, սակայն այն քաղաքականությունը, որը տանում է Փաշինյանը, Ալիևին տալիս է շանս արդեն Հայաստանը դարձնել Արևմտյան Ադրբեջան։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ շեշտելով.
«Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ որևէ պայմանագիր չստորագրի, որովհետև Ալիևին ձեռք է տալիս Փաշինյանի պես ղեկավարը։ Այն, ինչի մասին երազել են Հեյդար Ալիևն ու նրա որդին, Փաշինյանը հանձնում է։ Ալիևը դեռ ադրբեջանցիներին պետք է վերադարձնի Հայաստանը, դեռ պետք է Հայաստանի տնտեսական խաչմերուկը դարձնի տնտեսական փակուղի, և այս հարցում Փաշինյանն իր աջակիցն է, հետևապես՝ ինչո՞ւ պետք է Ալիևը որևէ բան ստորագրի»,- ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերողները, որոնց ծրագիրը հիմնված էր «Արցախում չկա հայ, չկա նաև ռուս խաղաղապահ» կոնցեպտի վրա, հիմա, սակայն, կանգնել են փաստի առաջ, քանի որ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո ամբողջապես հայաթափված Արցախում շարունակում է մնալ ռուս խաղաղապահը, և Արևմուտքը դա արձանագրեց ձախողում։
«Եթե Արցախում հայ չի ապրելու, մեկ-երկու տարի անց արցախցիներն էլ չեն վերադառնա Արցախ։ Շատերը հոգեբանորեն չեն ուզի վերադառնալ մի վայր, որտեղից ուղղակի սարսափների միջով անցնելով են վերադարձել, ուստի հենց դա թույլ չտալ չի կարելի, Արցախում պետք է հայերն ապրեն»,- ասաց Քոչարյանը՝ «Արցախը տանք՝ հանգիստ ապրենք» ասողներին հիշեցնելով՝ Արցախը տվել եք, բայց հանգիստ չեք ապրում, քանզի Արցախը հիմնաքար է, որը հեռացնելուց հետո հայկական պետությունն ուղղակի փլատակների է վերածվում և դառնում պրոթուրքական մի պետություն։
«Եթե դառնում ես պրոթուրքական մի պետություն, այդ դեպքում աշխարհի դերակատարները քեզ հետ այլևս հարց չեն քննարկի, դա միանգամից Թուրքիայի հետ կանեն։ Հայաստանը դառնում է անպիտան իր խաչմերուկներով, եթե Թուրքիայի կոկորդին խրված ոսկոր դառնալուց հետո դառնում է Թուրքիայի կցորդ մի երկիր։ Ուշագրավ է, որ դրան գնում են՝ Հայաստանին թշնամացնելով Իրանի և Ռուսաստանի հետ, և դա անում են երկրներ, որոնք գտնվում են մեզանից հազարավոր կիլոմետրեր հեռու։ Իսկ ո՞վ է ասել, որ Իրանն ու Ռուսաստանը համաձայնելու են, որ Հայաստանը դառնա արտադաշինքային պետություն կամ ՆԱՏՕ-ական երկիր»,- ասաց Քոչարյանը՝ հիշեցնելով՝ Ռուսաստանի հետ թշնամացած երկրներն են Վրաստանը, Ուկրաինան, Մոլդավան և այլ երկրներ, որոնք բոլորն էլ ունեցել են տարածքային կորուստներ։
«Ինչո՞ւ են մարդիկ մտածում, թե Ռուսաստանը չի հարվածի Հայաստանին։ Հարվածելու է։ Ինչո՞ւ հասարակ մարդիկ չեն մտածում վտանգների մասին. Չէ՞ որ, եթե Ուկրաինան այնքան մեծ է, որ կարող է իրեն թույլ տալ 5 մարզ կորցնել և գոյատևել, կարող է իրեն թույլ տալ 15 միլիոն փախստական ունենալ, մենք մեզ դա թույլ տալ չենք կարող։ Եթե ունենք ազգապահպանության բնազդ, պետք է հասկանանք՝ ռուսը շատ վատ թշնամի է, և այս տեմպերով գնալու դեպքում միայն Արցախի կորստով չենք բավարարվելու»,- ասաց Քոչարյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։