Բաժիններ՝

«Սկսել ենք ատեստավորման և տարակարգի շնորհման գործընթացները, որոնք հանգեցնելու են դրույքաչափերի փոփոխությանը»

Հայաստանում միջին մասնագիտական և արհեստագործական կրթական ոլորտում սպասվում են բարեփոխումներ։ Կառավարության կողմից հավանության արժանացած «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը ենթադրում է հիմնարար փոփոխություններ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը նշեց, որ ոլորտում չկա որևէ ուղղություն, որ նախագծով փոփոխություններ նախատեսված չլինեն։

Օրենքի նախագծի հիմքում ընկած են կրթության բովանդակության, լիցենզավորման համակարգի փոփոխությունները, հաստատությունների կառավարման համակարգի վերանայումը։ Նախագծով նախատեսվում է վերանայել նաև ֆինանսավորման համակարգը։

«Ֆինանսավորման նորմատիվները 90-ականներից չեն փոխվել։ Դա ամենևին չի արտացոլում իրականությունը, չի բավարարում ուսուցման համար որակյալ միջավայր ստեղծելու պահանջները։ Նոր նախագիծը նոր մոտեցում է նախատեսում՝ ուսման վարձի փոխհատուցում, համապատասխան գործառնական կրթական ծրագրով աշխատող ուսանողի աշխատավարձի տրամադրում և այլն»,-ասաց Արմենուհի Պողոսյանը։

Այսօր հանրապետությունում գործում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող շուրջ 100 ուսումնական հաստատություն։ Ուսանողների թիվը շուրջ 30 հազար է։ Նրանց միանում են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողները։ Արմենուհի Պողոսյանի խոսքով՝ վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ դիմորդների շրջանում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների նկատմամբ պահանջարկը մեծանում է, դրական դինամիկա է նկատվում։ Դա կախված է ինչպես ոլորտում կատարվող փոփոխություններից, այնպես է մի շարք ոլորտներում մասնագետների պահանջարկի հետ։ Այսօր մասնագետների կարիք կա արդյունաբերության, գյուղատնտեսության, սպասարկման, տուրիզմի ոլորտներում։ Գործատուներն ակնկալում են, որ ուսումնական հաստատություններն ավարտած անձինք բարձր հմտություններ կունենան։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պրակտիկ դասընթացների հետ կապված խնդիր կա։ Միջին մասնագիտական և արհեստագործական կրթական ոլորտում հաստատությունների շրջանավարտների միայն 41 տոկոսն է համարում, որ ձեռք բերված տեսական գիտելիքները համապատասխանում են իրենց աշխատանքի պահանջներին, և միայն 43 տոկոսն է կարծում, որ գործնական հմտությունները համապատասխանում են հետագա աշխատանքի պահանջներին։

«Շատ դեպքերում բավարար չափով գործնական ուսուցում չի անցկացվում։ Ուսանողներն ավելի քիչ պրակտիկ դասընթաց են անցնում և ավելի շատ՝ լսարանային։ Այսօր այդ խնդրի ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ Գերմանիայի միջազգային համագործակցության գործակալության հետ որոշ հաստատություններում իրականացնում ենք դուալ կրթության ծրագիրը, որը ենթադրում է ուսուցում աշխատավայրում։ Ուսանողն աշխատելով սովորում է։ Այս ուղղությամբ ծրագրերը նախատեսում ենք ընդլայնել։ Դա ընկած է նոր օրենքի նախագծի հիմքում։ Կարևոր բաղադրիչ է նաև մանկավարժական անձնակազմի խրախուսումը։

«Մենք արդեն այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնում ենք։ Սկսել ենք ատեստավորման և տարակարգի շնորհման գործընթացները, որոնք հանգեցնելու են դրույքաչափերի փոփոխությանը»,- հավելեց Արմենուհի Պողոսյանը։

Նախագիծը կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո, հաջորդիվ ներկայացվելու է Ազգային ժողով։ ԿԳՄՍ-ն ակնկալում է, որ 2024-ին օրենքն արդեն ընդունված կլինի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս