Երկու երկվորյակ ընկերները՝ Ալիևը և Նիկոլը, մեր եղբայրներին պահում են անազատության մեջ. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակցության անդամները բողոքի ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում, որտեղ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակները ժամանել էին ճաշելու։ Նրանց նպատակն էր ԵԱՀԿ ԽՎ 300 պատվիրակներին տեղեկացնելը, որ Հայաստանում ժողովրդավարություն չկա, կան բազմաթիվ քաղբանտարկյալներ։
«Հայաստանը ժողովրդավարության բաստիոն չէ, այստեղ կան քաղբանտարկյալներ միայն նրա համար, որ նրանք պաշտպանում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, անկախ Արցախի գաղափարի իրավունքը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:
Նա նաև հավելեց, որ Եվրոպան լռում է նաև, երբ Բաքվի բանտում են Արցախի մեր եղբայրները, նախկին իշխանությունների ներկայացուցիչները, գեներալները.
«Այդ ամենն արվում է ԵԱՀԿ–ի լուռ համաձայնությամբ»։
Շարմազանովը հիշեցրեց, որ արցախյան հարցով բանակցություններում ԵԱՀԿ-ն միջնորդ կառույց է եղել, և, ըստ էության, այսօր Բաքվի բանտերում են նաև այն մարդիկ, որոնց հետ ժամանակին բանակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Խոսքը Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի մասին է։