«Փաշինյանը փնտրում է հերթական մեղավորներին. Փաստ է, որ նրա իշխանության օրոք ենք կորցրել Արցախը». Դավիթ Գալստյան

Այսօր ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսելով Արցախի հարցից՝ հայտարարեց, թե Արցախի հարց 1996 թվականից գոյություն չի ունեցել։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, պատմության ազնիվ վերագնահատումը պիտի ասի հետևյալը՝ այն, ինչ հայկական կողմն ուզում էր Լեռնային Ղարաբաղի հարցով, այլևս հնարավոր չէ ԵԱՀԿ 1996 թվականի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո։

«Նրանք, ովքեր այդ գագաթնաժողովի կոնսենսուս մինուս 1-ին, սա, ընդ որում, Հայաստանն էր, միանալուց հետո պաշտոնական հանդիպումների փակ հատվածներում ու ռեստորաններում մեզ հավաստիացնում էին, թե դա հնարավոր է և անպայման լինելու է, ու մեզ անընդհատ քաջալերում էին՝ մտքում միայն մեկ նպատակ ունեին՝ թույլ չտալ, որպեսզի Հայաստանում պետություն կայանա։ Նրանց ռազմավարական սցենարը հենց դա էր՝ Ղարաբաղի հարցը որպես լծակ օգտագործեն Հայաստանի պետականության զարգացումը թույլ չտալու համար»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

168.am հետ զրույցում Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը հակադարձեց  Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը, ընդգծելով՝ Փաշինյանը հերթական անգամ իրականությունը մանիպուլացնում է։

Կարդացեք նաև

«Ցավում եմ, որ Հայաստանի ղեկավարը փորձում է ազգին մոլորեցնել և մոլորեցնելով՝ երկիր ղեկավարել։ Նախ, սկսենք նրանից, թե Նիկոլ Փաշինյանը երբվանի՞ց գիտի, որ նման հարց գոյություն չունի։ Եթե գոյություն չուներ, ապա 2018-2019 թվականներին ինչո՞ւ էր ժողովրդին մոլորեցնում, որ եթե Արցախի հարցով որևէ լուծում լինի, դրա մասին հրապարակային կտեղեկացնի ժողովրդին և ժողովրդին ընդունելի տարբերակով այդ հարցը կլուծի։

Նիկոլ Փաշինյանը պատերազմից մեկ տարի առաջ ասում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», եթե այն ժամանակ գիտեր, որ Արցախի հարց գոյություն չուներ, ինչո՞ւ էր նման արտահայտություն անում։ Եթե այն ժամանակ խաբել է իր աթոռը, պաշտոնը ամրապնդելու համար, ստացվում է, որ նա մոլորեցրել է իր սեփական ժողովրդին»,- նշեց Դավիթ Գալստյանը։

Արցախի ԱԺ պատգամավորի խոսքով՝ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն այս ճանապարհով փորձում է իր զիջողական ու պարտվողական քաղաքականությունն արդարացնել, թե իբր ինքը չի բերել-հասցրել այն կետին, որ հարցը փակվի։

«Փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մենք ունեզրկվել ենք, կորցրել ենք Արցախ, և այսօր որպես բռնի տեղահանվածներ կամ փախստականներ՝ հայտնվել ենք Հայաստանում»,- շեշտեց Դավիթ Գալստյանը։

Պատգամավորը միաժամանակ ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ առումով ճիշտ է ասում, որ 1996 թվականին Արցախի հարց գոյություն չուներ, քանի որ աշխարհը սկսում էր ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը։

«Մենք ինքնորոշվել ենք, և մեր ինքնորոշման իրավունքը այլևս սակարկման ենթակա չէր, 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց ի վեր դարձավ սակարկման առարկա։ Այսօր Նիկոլ Փաշինյանի հետ որևէ հարց չեն բանակցում, գուցե իր թույլ լինելու կամ իր անկարողությունը բանակցային սեղանի շուրջ փորձում է բարդել 1996 թվականից սկսած իշխանությունների վրա, մեղավորներ փնտրել»,- հավելեց Դավիթ Գալստյանը։

Դավիթ Գալստյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չէր թողնում նախկինի սխալների մասին բարձրաձայնելու, եթե տեղյակ էր, որ Արցախի հարց 1996 թվականից գոյություն չունի, ինչո՞ւ չէր բարձրաձայնում։

«Հանրությունն այս ամենից հետո հստակ պետք է հասկանա՝ Նիկոլ Փաշինյանը փնտրում է հերթական մեղավորներին, իրեն արդարացնելու համար, ուզում է փակել Արցախի հարցը»,- եզրափակեց Դավիթ Գալստյանը։

Տեսանյութեր

Լրահոս