1996 թվից Ղարաբաղի հարց գոյություն չի ունեցել. 2019-ին «Արցախը Հայաստան է, և վերջ» բղաված Փաշինյան
Այսօր ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ընդդիմադիր մի շարք գործընկերների մոտ կարմիր թելով անցել է հետևյալ միտքը՝ թե ում են պետք այդ թվերն ու ցուցանիշները, եթե կորցրել են Արցախը։
«Ավելի լավ չէի՞ն այն ժամանակները, երբ թվերն այսքան չէին, բայց ունեինք Ղարաբաղը, իսկ հիմա այս իշխանությունների պատճառով այլևս չունենք»,- ընդդիմադիրների խոսքերից մեջբերելով՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, այս թեմայի վերաբերյալ վերջին տարիներին տասնյակ անգամներ խոսել է, սակայն կարծում է, որ նման արտահայտությունները լավ առիթ են կրկին անդրադառնալու Երրորդ Հանրապետության պատմությանը՝ այն վերագնահատելու համար։
«Իսկ այդ պատմության ազնիվ վերագնահատումը մեզ ազնիվ պիտի ասի հետևյալը՝ այն, ինչ մենք ուզում էինք Լեռնային Ղարաբաղի հարցով, այլևս հնարավոր չէ ԵԱՀԿ 1996 թվականի դեկտեմբերին Լիսաբոնի գագաթնաժողովից հետո։ Նրանք, ովքեր այդ գագաթնաժողովի կոնսենսուս-1-ին, սա, ընդ որում, Հայաստանն էր, միանալուց հետո պաշտոնական հանդիպումների փակ հատվածներում ու ռեստորաններում մեզ հավաստիացնում էին, թե դա հնարավոր է և անպայման լինելու է, ու մեզ անընդհատ քաջալերում էին՝ մտքում միայն մեկ նպատակ ունեին՝ թույլ չտալ, որպեսզի Հայաստանում պետություն կայանա։
Նրանց ռազմավարական սցենարը հենց դա էր՝ Ղարաբաղի հարցը որպես լծակ օգտագործեն Հայաստանի պետականության զարգացումը թույլ չտալու համար։ Թույլ չտալ որևէ սցենարով Ղարաբաղի հարցի լուծումն այնքան ժամանակ, մինչև նրա լուծման պահին հնարավոր չլինի լուծել նաև Հայաստանի հարցն այնպես, որ դե ֆակտո կամ դե յուրե Հայաստանը դադարի գոյություն ունենալ՝ որպես անկախ պետություն։
Առնվազն 1996 թվականից ի վեր Ղարաբաղի հարց այլևս գոյություն չի ունեցել՝ գոյություն է ունեցել Հայաստանի Հանրապետության հարց»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա մեկնաբանությամբ՝ 1998 թվականի, 1999 թվականի հոկտեմբերի 27-ի՝ մասնավորապես, 2020 և 2023 թվականների իրադարձությունները պետք է դիտարկել հենց այդ համատեքստում։
«Արդյո՞ք չէին կարող այս ամենն ավելի վաղ հասկանալ, առանց այս աղետների, ողբերգությունների միջով անցնելու»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում