«Պարտավորեցնում է». «Յուքոմ» ընկերության լիցենզիայի ժամկետը երկարացվել է

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր հերթական նիստում երկարաձգեց «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության ժամկետը՝ 15 տարով,  ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության ժամկետը՝ 10 տարով: «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը որոշումների այս փաթեթի ընդունումը համարում է պետության կողմից «Յուքոմի» գործունեությանը վստահելու ապացույց:

«Դա պարտավորեցնում է շատ:

Այդ հաստատման շրջանակում որոշ պարտավորություններ դրվեցին «Յուքոմ»-ի վրա, որի շրջանակում պետք է որոշ ծրագրեր իրականացնի գյուղական համայնքներում:

Ընկերությունը մեծ ուրախությամբ պետք է անի, որովհետև եթե մենք հավատում ենք ավելի լավ ապագայի՝ հեռահաղորդակցության ոլորտի տեսանկյունից, և եթե հավատում ենք, որ «Յուքոմ» ՓԲԸ-ն մասնիկ է ու պետք է իր լուման ներդնի մեր երկրի զարգացման գործում, պետք է անենք մեր հնարավորությունների սահմաններում՝ հեռահաղորդակցության գործիքազմի միջոցով»,- նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Ռալֆ Յիրիկյանը:

Կարդացեք նաև

Ի դեպ, «Յուքոմի» գլխավոր տնօրենը նաև հիշեցրեց՝ արդեն իսկ սկսել են բավականին լայնածավալ աշխատանքներ շարժական և ամրակցված կապի ցանցերի արդիականացման ուղղությամբ, ու հենց սրանով պայմանավորեց վերջին օրերին կապի որակի տատանումները:

«Ուզում եմ ասել մեր սիրել հարգելի բաժանորդներին, որ մենք աշխատանքները անելուց ստիպված ենք լինելու հինն անջատել, ապամոնտաժել, որ տեղադրենք նորը, ինչը պատճառելու է անհանգստություններ, որակի անկում, ծառայությունների ընդհատում, բայց դա արվում է, որ վերջում մենք ունենանք արդիականը, նորարարը, և պետք է խնդրեմ՝ շարունակել լինել համբերատար:

Երևանում և հարակից մարզերում՝ Արարատում, Արմավիրում և Կոտայքում, լինելու են խնդիրներ մինչև տարեվերջ»,- հավելեց նա:

Ռալֆ Յիրիկյանը խոստացավ՝ այդ մարզերում մատուցվող ծառայությունները նոր որակով ու առանց ընդհատումների արդեն հասանելի կլինեն Ամանորից հետո, իսկ հաջորդ տարվա ընթացքում արդիականացումը մեծ ծավալներով մուտք կգործի նաև մյուս մարզեր:

Տեսանյութեր

Լրահոս