Գրվում են քաղաքական հիմքով դատական որոշումներ, և դատարանները դրանք կատարում են. Տիգրան Աբրահամյան
«Իշխանությունն ամեն տարի հայտարարում է, որ գնում է խաղաղության ճանապարհով։ Մի տարի դրան ասում էր՝ «խաղաղության դարաշրջան», մի տարի՝ «խաղաղության խաչմերուկ»։ Բայց փաստը հայրենազրկումն է, Արցախի հանձնումը, ՀՀ տարբեր բնակավայրերի՝ թշնամուն փոխանցելը։ Եթե առաջնորդվենք այն հայտարարությամբ, որն իշխանությունն է հնչեցնում՝ բնականաբար, կապրենք լրիվ այլ իրականության մեջ»,- Նարեկ Մալյանի գործով նախնական դատական լսումներից հետո դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Ապա անդրադառնալով Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը երկարացնելուն՝ Տիգրան Աբրահամյանն ասաց, փաստը հստակ ցույց է տալիս, որ ըստ էության միայն անունն է դատարան կամ դատավորներ, քննիչներ, դատախազներ, մինչդեռ իրականությունն այլ է.
«Իրականության մեջ նախապես գրված են որոշումներ, դրանք բացառապես ունեն քաղաքական հիմք։ Անկախ այն հանգամանքից, թե իշխանությունն իր ընդդիմախոսների նկատմամբ ինչպիսի գործելաոճ կորդեգրի, փառք Աստծո, մեր իրականության մեջ կան, ապրում են մարդիկ, որոնք թքած ունեն այս իշխանությունների լկտիությունների վրա, Նարեկ Մալյանն այդ շարքերում առաջիններից է»,- շեշտեց Տիգրան Աբրահամյանը։
Խոսելով քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի մասին, Տիգրան Աբրահամյանն ընդգծեց, որ Արմեն Աշոտյանը՝ իր ինտելեկտով, մակարդակով, ոչ միայն հայաստանյան քաղաքական գործիչ է, այլև ճանաչելի է միջազգային բավականին հեղինակավոր կենտրոնների ու ուժերի շրջանակներում։
«Ե՛վ Նարեկ Մալյանը, և՛ Արմեն Աշոտյանը, և շատ ու շատ մեր հայրենակիցների համար այս ամենը եղել է գիտակցված։ Այսինքն՝ այնպես չէ, որ տղաները մտածել են, որ իրենց դեմ քրեական գործեր չեն հարուցվելու։ Բայց, քանի որ այստեղ խնդիրն իրենց անձը չէ, այլ կոնկրետ դրված է անձնազոհություն, այս մարդիկ կոնկրետ գնում են այդ ճանապարհով։
Քրեակատարողական հիմնարկներում, նաև իմ այցերի ժամանակ տեսնում եմ բազմաթիվ մարդկանց, որոնց մասին չի խոսվում, կամ քիչ է խոսվում, նրանք էլ են գտնվում անազատության մեջ»,- եզրափակեց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում