Արցախի հայկականությունը հարցականի տակ դնողները գոնե մեկ անգամ թող գնան ու տեսնեն՝ Արցախի ամբողջ տարածքում քանի հազար հայկական հուշարձան կա. Հակոբ Սիմոնյան

Պատմաբան, հնագետ Հակոբ Սիմոնյանը դեռ ամբողջովին չի ուսումնասիրել հանրակրթական դպրոցների 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի նոր տպագրված դասագիրքը, թեև ներառված նյութի վերաբերյալ որոշակի կարծիքներ արդեն լսել է։

«Այդ դասագրքի վերաբերյալ կարծիք հայտնելու համար, նախ պետք է դասագիրքն ամբողջովին կարդացած լինեմ։ Առանձին դրվագների վերաբերյալ, իհարկե, կարող եմ խոսել, որոնք ինքս եմ տեսել: Դասագրքում կան անճշտություններ։

Վանի թագավորության քարտեզի մասին նախ շատ են խոսել, որտեղից անհասկանալի ձևով Հայաստանը դուրս է մնացել։ Սա՝ այն դեպքում, երբ Վանի թագավորության կարևորագույն կենտրոններից մեկը և հյուսիսային մայրաքաղաքը Թեյշեբաինին էր։ Սա ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ են դուրս թողել։

Գիտեք, չեմ կարծում, որ այստեղ լուրջ աշխատանք կա, որ ես նստեմ ու հատուկ ուսումնասիրեմ, այդ դասագրքով չպետք է սովորեն հանրակրթական դպրոցներում։ Սեփական փորձից գիտեմ, որ դասագրքերը գրում են ճանաչում ունեցող գիտնականներն ու հեղինակները, որոնք ամբողջովին տիրապետում են նյութին, դա պետք է լինի կոլեկտիվ աշխատանք։ Ինքս ժամանակին մասնակցել ու 5 և 6-րդ դասարանների դասագիրք եմ գրել։ Մեկ հոգին երբեք չի կարող դասագիրք գրել, յուրաքանչյուրն իր բնագավառը պետք է գրի, և այդ բնագավառին լավ տիրապետող մեկը դա պետք է անի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պատմաբանը։

Կարդացեք նաև

Հակոբ Սիմոնյանի փոխանցմամբ՝ գրքի հեղինակին չի ճանաչում, բայց եթե ճանաչված գիտնական լիներ, վստահաբար ինքը կճանաչեր։

Հարցին՝ եթե նախկինում նման գիրք հրատարակվեր ու հասներ հանրակրթական դպրոցներ, ապա մեծ աղմուկ կբարձրացվեր, այսօր այդ աղմուկն ինչո՞ւ չկա, Հակոբ Սիմոնյանը պատասխանեց՝ պետք է հենվել ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտական խորհրդի եզրակացության վրա։ Նախկինում նման բան չի եղել, որոշումը կոլեկտիվ ձևով էր կայացվում։

«Կրկնում եմ՝ մեկ հոգի, ով էլ լինի, չի կարող գիրք գրել ու ամբողջ նյութին տիրապետել։ Դա պետք է տրվեր ինստիտուտին կամ հեղինակների խմբին, որպեսզի նման խնդիրներ չառաջանային»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է Արցախի հայկականությունը հարցականի տակ դնող հայտարություններին, որոնք իրականացնում են իշխանությունն ու իշխանությանը սատարողները, Հակոբ Սիմոնյանը չցանկացավ քաղաքական քննարկումների մեջ մտնել, միայն մի բան առաջարկեց՝ գնալ Արցախ ու ծանոթանալ այնտեղի հուշարձաններին։

«Գոնե մեկ անգամ  թող գնան ու տեսնեն՝ Արցախի ամբողջ տարածքում քանի հազար հայկական հուշարձան կա։ Ես նման բանավեճի մեջ չեմ մտնի, մարդ պետք է պատրաստված ուղեղի հետ խոսի։ Կգա ժամանակը, և ամեն ինչ իր տեղը կընկնի, ես վստահ եմ իմ ժողովրդի պայծառ ապագային, շատ վստահ եմ»,- եզրափակեց Հակոբ Սիմոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս