Գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյան․ «Փոխանակ զինված ուժերը հզորացնեն, զորքի քանակն ավելացնեն, ոստիկաններն են ավելանում»․ «Հրապարակ»

Պահեստազորի գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում շեշտում է՝ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո սպասվում էր, որ զինված ուժերում օր-օրի դրական փոփոխություններ կլինեն՝ կադրերի որակի ու քանակի, սպառազինության ավելացման առումով, բայց տեղի ունեցավ հակառակը։ «Բարեփոխումը վերաբերում է թե՛ հաստիքացուցակներին, թե՛ անձնակազմին՝ որակի եւ քանակի առումով։ Մեր երկրում հակառակն է՝ փոխանակ զինված ուժերը հզորացնեն, զորքի քանակն ավելացնեն, ոստիկաններն են ավելանում։

Ինչի՞ համար են այսքան ոստիկան ավելացնում՝ իրենց անձնական վախերի համար։ Ոստիկանի աշխատավարձն ավելի բարձր է, քան դիրքում կանգնած պայմանագրայինի։ Գնացեք կառավարություն կամ Ազգային ժողով, այնտեղից դուրս եկողներին հարցրեք, թե ինչու է այդպես»,- ասաց գեներալ-մայորը։ Նա զինված ուժերի համար ամոթալի երեւույթ է որակում նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծը, որը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին՝ ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից՝ զինվորական ծառայության չգնալ՝ դրա փոխարեն պետությանը 15 միլիոն դրամ վճարելով։

«Ես դեմ եմ այդ նախագծին, առողջ երիտասարդները պետք է ծառայեն զինված ուժերում, առավել եւս՝ հիմա, երբ մեր պետությանը վտանգ է սպառնում։ Այս նախագծի նպատակը բյուջեն փող լցնելն է։ Հարուստների երեխաները գումարով կազատվեն ծառայությունից, կրկին բանակը, երկրի պաշտպանությունը կհանձնվեն գյուղացի, ռանչպար խավին»,- ասաց պահեստազորի գեներալ-մայորը:

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս