Վաշինգտոնը մտահոգ է «Ամերիկյան դիրքերի թուլացման հեռանկարից»
Վաշինգտոնում մտավախություն ունեն, որ եթե իսրայելական ռազմարշավը Գազայում երկարաձգվի, ապա դա նախ կարող է ավելի լայնածավալ ռազմական հակամարտություն առաջացնել Մերձավոր Արեւելքում եւ կարող է թուլացնել ամերիկյան դիրքերը։ Այս մասին գրում է New York Times-ը։ Պարբերականը նշում է, որ իսրայելական կողմն ունի խիստ սահմանափակ ժամանակ իր ռազմական օպերացիաները Գազայում իրականացնելու համար, նախքան արաբական աշխարհի զայրույթի սլաքները կուղղվեն ԱՄՆ-ի դեմ ոչ միայն խոսքով, այլ նաեւ դրանք կսկսեն գործնական կիրառություն ստանալ։ Բացի այդ, ԱՄՆ հետ որոշակի «հարուցպատասխան» կունենան նաեւ մյուս առաջատար երկրները, քանի որ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը գնալով աճում է։
Ստացվել է այնպես, որ աշխարհը հիմա ավելի կարեկցում է պաղեստինցիներին եւ դատապարտում Իսրայելին, պարբերականի հետ զրույցում նշել են Բայդենի թիմի մի շարք պաշտոնյաներ։ Այս ամենը հասկանում են նաեւ Թել-Ավիվում եւ պատահական չէ, որ Նեթանյահուի թիմից հայտարարել են, որ աշխատում են նաեւ դիվանագիտական ճակատում, որպեսզի իսրայելական բանակը ունենա մանեւրելու համար անհրաժեշտ տարածք եւ կարողանա շարունակել իր գործունեությունը։ Այս իրավիճակում ԱՄՆ բանակի Կենտրոնական հրամանատարության նախկին ղեկավար, գեներալ Քեննեթ Ֆ․ Մաքքենզի-կրտսերը հայտարարել է, որ ըստ ամենայնի Իսրայելն այս ռազմարշավով հետեւյալ նպատակներն է դրել իր առաջ՝ լիկվիդացնել ՀԱՄԱՍ-ին, քաղաքացիական բնակչության շրջանում կորուստները հասցնել նվազագույնի, սեփական զորքերի հետ կապված ռիսկերը նվազեցնել, ազատ արձակել պատանդներին եւ խուսափել պատերազմի՝ Գազայի սահմաններից դուրս տարածվելուն, որոնք պետք է հնարավորինս արագ կարողանա իրականացնել, քանի որ հանրային կարծիքը ողջ աշխարհում աշխատում է իսրայելական զինուժի դեմ, ինչը հավելյալ ճնշում է Թել-Ավիվի եւ նրա դաշնակիցների, նախ եւ առաջ՝ ԱՄՆ վրա։