
Պիկասոյի «Ժամացույցով կինը» նկարը 139 մլն դոլարով վաճառվել է աճուրդում

Իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի «Ժամացույցով կինը» նկարը 139,364 մլն դոլարով վաճառվել է աճուրդում: Այս մասին հայտնել է Sotheby’s աճուրդային տունը։
Կտավին պատկերված է Պիկասոյի սիրուհի Մարի Թերեզ Վալտերը`ձեռքի ժամացույցով։ Պիկասոյի ստեղծագործությունների հետազոտող Լիդիա Գասմանը ենթադրում է, որ ժամացույցը հատուկ նշանակություն է ունեցել նկարչի համար, և որ այն խորհրդանշում է «ժամանակի ընթացքում մարող սեր»։
1966 թվականին «Ժամացույցով կինը» Պիկասոյից ձեռք է բերել Բազելի «Բեյելեր» պատկերասրահը։ 1968 թվականին նկարն անցել է Նյու Յորքի Pace Gallery պատկերասրահի հավաքածուին։ 1968 թվականի նոյեմբերին կտավը ձեռք է բերել ամերիկացի հայտնի կոլեկցիոներ Էմելի Ֆիշեր Լանդաուն:
Ավելի քան կես դար նկարը կախված է եղել Նյու Յորքի նրա բնակարանի բուխարու վերևում: Լանդաուն 2023 թվականի մարտին մահացել է 103 տարեկանում։ Նրա հավաքածուի մի մասի վաճառքի իրավունքն ստացել է Sotheby’s աճուրդային տունը։ Կոլեկցիոների հավաքածուն ներառում է մոտ 120 գործ՝ շուրջ 400 մլն դոլար արժողությամբ:
Ըստ BBC-ի՝ Պիկասոյի նկարի նոր սեփականատիրոջ անունը չի հաղորդվում։