Բաժիններ՝

Հայտնի են Հայաստանում մեծահասակների մաթեմատիկայի 1-ին օլիմպիադայի հաղթողները

Նոյեմբերի 3-ին ամփոփվել է Հայաստանում առաջին անգամ անցկացված մաթեմատիկայի օլիմպիադան, որին ներկա էին տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերությունների, բուհերի և ոլորտի այլ ներկայացուցիչներ։

Օլիմպիադայում առաջինից երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացել են համապատասխանաբար՝ 1 միլիոն (Վահագն Հովհաննիսյան), 500 հազար (Ալեքսանդր Լումկին) և 300 հազար (Ստեփան Գևորգյան) ՀՀ դրամի չափով դրամական մրցանակներ:

Ի թիվս դրամական մրցանակների՝ մի շարք մասնակիցներ օլիմպիադայի գործընկերների կողմից ստացել են այլ մրցանակներ, այդ թվում՝ մինչև 70% կրթաթոշակ Armenian Code Academy (ACA)-ի տարբեր կրթական ծրագրերին մասնակցելու համար:

ACA-ն իր հիմնական գործընկեր WorldQuant-ի, գործընկերներ Align Technology-ի, OMD-ի և համայնքային գործընկերների հետ համատեղ դեռևս սեպտեմբերին մեկնարկել էր մաթեմատիկայի օլիմպիադա՝ կարևորելով օլիմպիական շարժումը, ինչպես նաև նպատակ ունենալով կարիերայի լավագույն հնարավորություններ ստեղծել օլիմպիադաների մասնակիցների համար:

Օլիմպիադային մասնակցելու համար դիմել էր ավելի քան 500 հոգի։ Այն անցկացվել է երկու փուլով: Օլիմպիադային մասնակցել են ներկա պահին համալսարանների բոլոր կուրսի ուսանողները (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա), ինչպես նաև վերջին երեք տարում բակալավրի աստիճան ստացած շրջանավարտները։ Բացի տեղական առաջատար բուհերից, դիմորդների մեջ եղել են նաև մասնակիցներ միջազգային բուհերից, օրինակ՝ Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիայի և MIPT – Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտներից, Շանհայի Ցզյաո Տոնգի, Չինաստանի Էլեկտրոնային գիտության և տեխնոլոգիայի, Լոնդոնի քաղաքային և Վաթերլոյի համալսարաններից:

Օլիմպիադայի տեղեկատվական գործընկերներն են Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ), Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը (ՀՌՀ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (Պոլիտեխնիկ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս