Բաժիններ՝

Ջոլիի հայրը հայտարարել է, որ հիասթափված է դստեր՝ հակաիսրայելական հայտարարությունից

Հոլիվուդյան դերասան Ջոն Վոյթը կոշտ քննադատել է իր հայտնի դստեր՝ դերասանուհի, պրոդյուսեր Անջելինա Ջոլիի հակաիսրայելական գրառումները՝ դրանք որակելով «սուտ» և ասելով, որ «իսրայելական բանակը պետք է պաշտպանի իր հողը»։ Այս մասին գրում է Daily Mail-ը:

Օրերս Ջոլին խստորեն դատապարտել էր Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունները, որոնք հաջորդել էին հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի անակնկալ հարձակմանը, ինչի հետևանքով Իսրայելում զոհվել է 1,400 մարդ:

Համացանցում տեղադրված տեսանյութում 84-ամյա Վոյթը չի զսպել դստեր՝ Ջոլիի հասցեին իր քննադատությունը՝ ասելով. «Ես շատ հիասթափված եմ, որ իմ դուստրը, ինչպես շատերը, չի հասկանում Աստծո պատիվը, Աստծո ճշմարտությունները»:

Ջոլին, որը նախկինում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնաժողովի հատուկ ներկայացուցիչն էր, Իսրայելին մեղադրել է քաղաքացիական բնակչության՝ երեխաների, կանանց, ընտանիքների դիտավորյալ ռմբակոծության, ինչպես նաև մարդկանց սննդից, դեղորայքից և մարդասիրական օգնությունից զրկելու համար:

Ի պատասխան՝ Վոյթն ասել է, որ հիասթափված է, որ իր դուստրը չի հասկանում, որ ՀԱՄԱՍ-ի նպատակը «հրեաների երկիրը ոչնչացնելն է»։

«Սա Աստծո երկրի, Սուրբ հողի, հրեաների երկրի պատմությունը ոչնչացնելու մասին է: Իսրայելական բանակը պետք է պաշտպանի իր հողը, իր ժողովրդին։ Սա պատերազմ է… Դո՛ւք, հիմարներ, խնդիրն Իսրայելն եք անվանում, դուք պետք է նայեք ինքներդ ձեզ և հարցնեք՝ ո՞վ եմ ես։ Ի՞նչ եմ ես: Եվ հարցրեք Աստծուն, արդյոք հասկանո՞ւմ եք ճշմարտությունը, թե՞ ձեզ ստում են: Նրանք, ովքեր հասկանում են ճշմարտությունը, տեսնում են սուտը», – ասել է Վոյթը:

Նա կոչ է արել Ջոլիին վերագնահատել իր կարծիքը պատերազմում Իսրայելի դերի վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս