Տնտեսության թշվառությունը խոշորների վճարած հարկերում աչք է ծակում. Ովքե՞ր են եղանակ ստեղծում
Հայաստանի տնտեսությունն արտաքուստ բարձր աճեր է արձանագրում։ Բայց այդ աճերի իրական պատկերը երևում է խոշոր հարկատուների վճարած հարկերում։ Պետեկամուտների կոմիտեի օրերս հրապարակած այս տարվա ինն ամիսների խոշոր հարկատուների ցանկը մեկ անգամ ևս ցույց է տալիս մեր տնտեսության ողբալի վիճակն ու թշվառությունը։
Խոշորների ցանկում եղանակ են ստեղծում առևտրի ոլորտում գործող ընկերությունները։ Փոխարենը՝ տեղական արտադրողները գնալով զիջում են դիրքերը։
Առաջատար դիրքերում են հայտնվել այնպիսի ընկերություններ, որոնք մեր տնտեսության մեջ զրո արդյունք են ստեղծում, այստեղից-այնտեղից ապրանքներ են ներմուծում ու վերարտահանում։ Այդ ընկերությունները մեկ տարի առաջ չնչին հարկեր էին վճարում, հիմա դարձել են խոշորների ցանկի առաջատարները՝ պատժամիջոցների տակ հայտնված ռուսական շուկա տարբեր ապրանքներ մատակարարելով։ Այսօր իշխանությունները հպարտանում են, որ այդ մատակարարումների արդյունքում բյուջեի եկամուտներն ավելանում են, բայց վաղը, երբ դրանք դադարեն, գլխներին են տալու։ Բյուջեն ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնելու։ Ներքին տնտեսության ֆինանսական կարողություններն ավելացնելու մասին մտածելու փոխարեն՝ հպարտանում են անաշխատ եկամուտներով, որոնք, ինչպես հանկարծակի հայտնվեցին, այնպես էլ հանկարծակի անհետանալու են։
Արդեն իսկ կան նման առաջին արձագանքները։
Խոշորների ցանկի առաջին քառյակում է Սամվել Ալեքսանյանին պատկանող «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը, որն ակտիվացավ Ռուսաստանի տնտեսության նկատմամբ կիրառված պատժամիջոցներից հետո, ռուսական շուկայում բախվել է խնդիրների հետ։
Այս ընկերությունը զբաղված է ռուսական շուկա բջջային հեռախոսների, մասնավորապես՝ «Սամսունգների» վերարտահանմամբ։ Սակայն այդ հեռախոսների լիցքավորման սարքերը հայտնվել են պատժամիջոցների տակ և ներառվել արգելված ապրանքների ցանկում։ Ուստի դրանց հետագա արտահանումը կարող է խնդիրներ ստեղծել Հայաստանի համար՝ ներքաշելով պատժամիջոցների տակ։
Պատժամիջոցներից խուսափելու համար, շատ հնարավոր է, որ առաջիկայում խոշորների ցանկի առաջին քառյակում հանկարծակի հայտնված «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը նույնքան հանկարծակի անհետանա։
Թեև մինչ այդ այն արդեն հասցրել է բավական խոշոր մուտքեր ապահովել բյուջե՝ ինը ամսում՝ ավելի քան 30 մլրդ դրամ։ Անցած տարվա համեմատ՝ 4 անգամով ավելի շատ։
Շատ ավելի թռիչքային աճ է կատարել նույն սխեմայով աշխատող մեկ այլ ընկերություն։ Խոսքը «Փրիթի Ուեյ» ընկերության մասին է, որը նախորդ տարի գտնվելով խոշորների ցանկի առաջին հարյուրյակի վերջում, այս տարի հայտնվել է առաջին հնգյակում։ Ընկերությունը զբաղվում է էլեկտրատեխնիկայի ներմուծմամբ և դարձել է այդ ապրանքների ռուսական շուկայի մատակարարներից մեկը։ Վերարտահանումների արդյունքում էլ ավելացել են ընկերության վճարած հարկերը։ Անցած տարվա առաջին ինն ամսում դրանք կազմել էին 2 մլրդ 67 մլն դրամ, այս տարի անցնում են 23,3 միլիարդից։ Ավելացել են 11 անգամով։
Խոշորների ցանկի առաջատարներ են նաև բազմաթիվ այլ առևտրային կամ ոչ արտադրական ընկերություններ։ Այստեղ կան ծխախոտ, վառելիք, սննդամթերք և տարբեր ապրանքներ ներմուծողներ, որոնք զբաղվում են դրանց ներքին շուկայում իրացմամբ կամ վերարտահանմամբ։
Այդ ցանկում հետաքրքիր թռիչք է արձանագրել ապրանքների օնլայն առևտրի ոլորտում գործող «Վայլդբերրիզ» ընկերությունը, որի առաջարկած ծառայությունը լայն տարածում է ստացել հայաստանյան սպառողների շրջանում։ Ընդհուպ այն, որ դրա գործունեությունից սկսել են դժգոհել առևտրի ոլորտում աշխատող մյուս ընկերությունները։ Ներքին շուկայում «Վայլդբերրիզի» ընդլայնումը երևում է նաև նրա վճարած հարկերից։
Անցած տարվա համեմատ դրանք 34 անգամով ավելացել են՝ հասնելով 12,5 մլրդ դրամի։
Խոշորների առաջին տասնյակում տեղ են գտել նաև երկու բանկեր՝ «Ամերիաբանկը» և «Արդշինբանկը», որոնք երկուսն էլ կտրուկ ավելացրել են վճարած հարկերը։ «Ամերիան» վճարել է 22,8 միլիարդ, «Արդշինբանկը»՝ 21,3 միլիարդ։ Առաջինի վճարներն ավելացել են՝ 3,5, երկրորդինը՝ 4,2 անգամով։
Երկուսի պարագայում էլ վճռորոշ է եղել արտաքին գործոնի, մասնավորապես՝ Հայաստանի բանկային համակարգի միջոցով ռուսական կապիտալի հոսքերի սպասարկումը։
Ինչպես վերարտահանումների, այնպես էլ այս դեպքում կախվածությունը ռուսական շուկայից ակնհայտ է։
Մինչ առևտրի ու ծառայությունների տարբեր հատվածներում գործող ընկերություններն առաջադիմել են խոշորների ցանկում, տեղական բազմաթիվ, այդ թվում՝ խոշոր ընկերություններ կորցրել են դիրքերը։
Ցանկի առաջին տասնյակում են մնացել ծխախոտի արտադրությամբ զբաղվող երկու հայտնի ընկերությունները՝ «Գրանդ Տոբակոն» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը», բայց երկուսն էլ ավելի քիչ հարկ են վճարել, քան վճարել էին նախորդ տարի։ Առաջինի վճարած հարկերը կրճատվել են ավելի քան 1,4 միլիարդով, երկրորդինը՝ 623 մլն դրամով։
Առաջատարի դիրքերը վերականգնել է Հայաստանի երբեմնի ամենախոշոր հարկատուն՝ ի դեմս «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի», բայց նրա վճարած հարկերը ևս կրճատվել են։
Այս տարվա ինն ամսում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» բյուջեի նկատմամբ կատարել է 52 մլրդ 391 մլն դրամի պարտավորություն, ինչով դարձել է խոշոր հարկատուների առաջատարը։ Դրանով հանդերձ, ընկերության վճարած հարկերն էապես ավելի քիչ են եղել, քան անցած տարի։
Անցած տարվա առաջին ինն ամիսներին դրանք կազմել էին ռեկորդային ավելի քան 129 մլրդ դրամ, ինչն էլ տարբեր առիթներով շահարկում էր Նիկոլ Փաշինյանը՝ հաշվի չառնելով այն գործոններ, որոնք ազդել էին հարկային նման բարձր պարտավորությունների առաջացման վրա։
Այս տարի ընկերության հարկերը կրճատվել են, որովհետև ոլորտում բազմաթիվ խնդիրներ են առաջացել, այդ թվում՝ դրամի ամրապնդման հետևանքով։
Այդ խնդիրները երևում են նաև հանքարդյունաբերության ճյուղի մյուս ընկերությունների վճարած հարկերում. «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն» անցած տարի վճարել էր գրեթե 11,7 մլրդ դրամ, այս տարի վճարել է ընդամենը 2,3 միլիարդ, «Թեղուտը» վճարել էր շուրջ 9,4 միլիարդ, այս տարի վճարել է 3,2 միլիարդ, «Լեռնամետալուրգիայի ինստիտուտը» անցած տարի վճարել էր ավելի քան 9,2 միլիարդ, այս տարի վճարել է 496 մլն դրամ։
Նվազել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության վճարած հարկերը։ Անցած տարի դրանք կազմել էին 41,8 միլիարդ, այս տարի կազմել են 39,5 միլիարդ։ Սա էլ հավանաբար կապված է գազի սպառման ծավալների կրճատման հետ, ինչը բնական է ներքին արտադրության չեղած ակտիվության պարագայում։
ԼԵՎՈՆ ՍԵՅՐԱՆՅԱՆ