Հայաստանում ԵՄ դիտորդների ընդլայնումն առաջնային հարց է. Պարույր Հովհաննիսյան

Օրերս ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչությունից պարզաբանում էին ներկայացրել, որ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի շրջանակներում ռուսաստանյան կողմն առաջարկություններ է  փոխանցել, որի  համատեքստում հայաստանյան կողմը հանդես է եկել համապատասխան երկկողմ պայմանագիր կնքելու առաջարկությամբ, բայց  պաշտոնական գրավոր պատասխան ռուսաստանյան կողմից Հայաստանին չի ներկայացվել։

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հարցին, թե կոնկրետ ինչ առաջարկների մասին է խոսքը, ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը պատասխանեց.

«Մանրամասների վերաբերյալ հարցը պետք է ուղղեք պարոն Կիրակոսյանին, բայց մենք առաջարկել էինք երկկողմ պայմանագիր, նույն այդ մոտեցումն ունեինք Միացյալ Նահանգների հետ, որի հետ ժամանակին կնքվեց երկկողմ պայմանագիր։ Նշանակում է Միացյալ Նահանգներն ունեին որոշակի խնդիրներ՝ կապված Հռոմի ստատուտի հետ, նույնը, ինչը Ռուսաստանի դեպքում է։ Առաջարկել ենք երկկողմ պայմանագիր, այն բանակցվել ու ստորագրվել է»:

ԱԳ փոխնախարարը որոշ մանրամասներ փոխանցեց նաև ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակն ամրագրող ակնկալվող համաձայնագրի մասին, ընդգծելով, որ այն դիտորդների կարգավիճակի արտոնությունների մասին է, որը ներառում է բուժօգնություն, փոխադրամիջոցների օգտագործում և այլն։

Կարդացեք նաև

«Սա մենք անում ենք յուրաքանչյուր միջազգային կառույցի դեպքում, լինի դա Միացյալ Նահագների կամ այլ կառույցների։

Մանդատի ուժեղացման առումով նայում ենք քանակի ընդլայնումը և որոշ այլ գործառույթներ, դա դեռևս բանակցային փուլում է, դեռևս չեմ կարող մանրամասնել, բայց թերևս ընդլայնումն առաջնային հարց է»,- շեշտեց Պարույր Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական բանակցություններին և հարցին՝ եթե Ադրբեջանի նախագահը չի մասնակցում հանդիպումներին, ապա ի՞նչ բանակցությունների մասին կարող է խոսք լինել, բացի այդ,  ՌԴ-ից եղավ առաջարկ՝ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում անցկացնել, պատասխան կա՞, Պարույր Հովհաննիսյանը պատասխանեց, որ միջնորդների կողմից առաջարկվում են տարբեր հնարավորություններ, ավելին մանրամասնել չի կարող։

«Տեղյակ չեմ ՌԴ-ի առաջարկի մասին»,- ընդգծեց փոխնախարարը:

Նա նաև ասաց՝ տեղյակ չէ այն լուրերից, որ ՀԱՊԿ-ի վերաբերյալ փաստաթուղթ է ստորագրվելու, սակայն Հայաստանը դրան չի մասնակցելու, նկատելով, որ Հայաստանը բոլոր հանդիպումներին մասնակցում է, առանձին պայմանագիր ստորագրելուց տեղյակ չէ։

Պարույր Հովհաննիսյանը խոսեց նաև ՌԴ-ի դժգոհություններից, որ Ուկրաինայի հարցի վերաբերյալ Հայաստանը մասնակցել է Մալթայի գագաթնաժողովին, և պարզաբանեց, որ անվտանգության այդ հարթակը նախևառաջ քարտուղարների հարթակ էր, Ուկրաինայի հարցին չէր նվիրված և ուներ  ավելի լայն օրակարգ։

Տեսանյութեր

Լրահոս